• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Արկածային


Ժամանակակից մարդը կյանքի մեծ մասը փակված է քաղաքներում և մեգապոլիսներում, բետոնի, ապակու և ծխի մեջ և չի նկատում, թե ինչպես է միապաղաղ, գորշ օրերի շարանով անցնում կյանքը։ Առաջարկում ենք Ձեզ, գոնե մի քանի օր ընկղմվել այլ կյանքի մեջ, լի հետաքրքիր արկածներով ու զգացողություններով։ Արցախը բոլոր ցանկացողներին ընձեռում է այդ հնարավորությունը։ Ղարաբաղը հայտնի է ոչ միայն իր հարուստ ու հինավուրց պատմությամբ ու մշակույթով, այլ նաև տեղաբնակ ղարաբաղցիների ազատասեր, նույնիսկ ըմբոստ և արկածախնդրության հակում ունեցող էությամբ։  Այդպիսի մենթալիտետը ձևավորվել է դարերի ընթացքում, առաջին հերթին տեղի բնակչից խիզախություն ու վճռականություն պահանջող բնական պայմանների շնորհիվ։ Հենց ղարաբաղյան բնությունն է այս տարածաշրջանը   դարձնում  այսպես հրապուրիչ բոլոր սուր զգացողությունների սիրահարների համար, նրանց, ում մեջ դեռ չի մարել արկածներ որոնողի ոգին։ Թավ անտառներով պատված բարձր, անառիկ ժայռոտ լեռներ, խորը կիրճեր, որոնց հատակում մոլեգնում են լեռնային գետակներ՝ սա է  Ղարաբաղի ավանդական  բնանկարը։ Ղարաբաղը լեռնագնացության ու ժայռամագլցման հիանալի հնարավորություններ է ընձեռում ինչպես նորեկներին, այնպես էլ փորձառու զբոսաշրջիկներին։ Լեռնային բլրաշարքերը և ուղղահայաց ժայռապատերը անմոռանալի տպավորություն են թողնում և ընդմիշտ հիշվում իրենց խիստ ու փառահեղ գեղեցկությամբ։

Երկրամասի տարածքով հոսում են բազմաթիվ գետեր, որոնց մեջ  հատուկ տեղ է զբաղեցնում Թարթառ գետը, որն իր համար ճանապարհ է բացել Մարտակերտի ու Քարվաճառի շրջանների լեռների միջով։  Գործնականում Թարթառն  ամբողջ երկայնքով (200 կմ) իրենից տիպիկ լեռնային գետ է ներկայացնում, փոթորկոտ ու արագընթաց, բազմաթիվ սահանքներով՝ իսկական դրախտ բայդարկայով ու կանոեով թիավարության համար։ Հիասքանչ շրջակա բնությունը՝ խոր գետահովիտներ, կուսական անտառներով պատված ժայռեր ու լեռներ, ձգում է զբոսնելու, ընկղմվելու  ռոմանտիկայի ու հանգստի մթնոլորտի մեջ։ Զբոսաշրջիկների համար հետիոտն երթուղիները նշագրված են հատուկ պայմանանշաններով       (երկնագույն ուղղանկյան մեջ մարդու ոտնահետքի դրոշմ), որոնք  տեղադրված են ժայռերին ու ծառերի վրա։ Այսպիսով զբոսաշրջիկներին հնարավորություն է տրվում ինքնուրույն զբոսնել՝ առանց վախենալու մոլորվելուց կամ երթուղուց շեղվելուց։ Այդ զբոսաշրջային արահետները ցանցի նման ծածկում են ԼՂՀ ողջ տարածքը, ընդգրկում են 135 կմ ընդհանուր երկարությամբ 13 երթուղիներ։ Երթուղիներին ավելի մանրամասն  կարելի է ծանոթանալ janapar.org կայքում։ Կայքում նաև տեղադրված են քարտեզներ, զբոսաշրջային արահետների վրա գիշերումների տեղերի մասին տեղեկատվություն ։ Կազմակերպվում են զբոսախնջույքներով ու գիշերումներով    (ըստ ցանկության) հեծյալ անցումներ և զբոսանքներ գեղատեսիլ երթուղիներով։ Այդ հեծյալ զբոսանքներին հատուկ հմայք է տալիս այն փաստը, որ դրանք իրականացվում են ամբողջ աշխարհին հայտնի ղարաբաղյան նժույգներով, որոնք իրենց դիմացկունությամբ և արագավազությամբ չեն զիջում զտարյուն արաբական ձիերին։ 

Լեռնային Ղարաբաղի  զբոսաշրջային երթուղիները կարող եք դիտել այստեղ 

Արցախի բնության անբաժանելի մասն են հանդիսանում բազմաթիվ քարանձավներն ու քարայրները։ Դրանցից մի քանիսը՝ օրինակ Ազոխի քարանձավը, որտեղ գտնվել է նախամարդու կայանատեղին, գիտական մեծ հետաքրքրություն են ներկայացնում  և հայտնի են ամբողջ աշխարհին, մյուսները հրապուրում են իրենց անճանաչելիությամբ կամ հատուկ անկրկնելի գեղեցկությամբ և հետաքրքրում են ոչ միայն քարանձավագետներին։ Ամեն դեպքում այցելությունը Ղարաբաղ անմոռանալի տպավորություն   կթողնի ինչպես էքստրեմալների, այնպես էլ պարզապես քաղաքային եռուզեռից հեռու հանգստանալ ցանկացողների վրա։