• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Ագրոտուրիզմ

ԼՂՀ բնակչության զգալի մասը բնակվում է գյուղերում, գյուղական շրջաններում: Արցախյան  գյուղը հանդիսանում է յուրահատուկ երևույթ գոնե այն պատճառով, որ գյուղերի կեսից ավելին ունեն 500-600 տարվա պատմություն, իսկ նրանցից որոշները հիմնվել են 800, 900 տարի առաջ, այսինքն`0 ավելի վաղ, քան մի շարք եվրոպական մայրաքաղաքներ: Իսկ եթե հինավուրց պատմությանը ավելացնենք պահպանված ավանդությունները և կենսակերպը, ապա կարելի է պատկերացնել, թե քաղաքային անցուդարձից ու խնդիրներից հանգստանալու և զվարճանալու ինչպիսի հնարավորություն է ստեղծվում ագրոտուրիզմի սիրահարների համար:

Սկսած 2009թ, որոշ գյուղերում (Ասկերանի շրջանում՝ Պատարա, Ղշլաղ-Ծաղկաշատ, Մարտունու շրջանում՝ Ճարտար, Աշան)  կան բոլոր հարմարություններով և սպասարկման բարձր մակարդակով հյուրատներ, որոնք տեղակայված են հինավուրց արցախյան ժողովրդական տներում: Տանտերերը միշտ ուրախ են սրտաբաց ընդունելու Ձեզ` արցախցուն բնորոշ հյուրընկալությամբ, կազմակերպել ձիով կամ ոտքով արշավ գյուղում կամ դեպի գյուղի շրջակայքը, պատմել գյուղի պատմությունը և նրա հետ կապված էպոսներ ու առասպելներ: Տուրիստները, կախված տարվա եղանակից,  կարող են մասնակցել թթի կամ խաղողի բերքահավաքներին, ականատես լինել դեռ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից հայտնի արցախյան թթի օղու, ինչպես նաև, դոշաբի (դոշաբը թթից պատրաստած օշարակ է, որը օժտված է բուժիչ հատկություններով և յուրահատուկ է տարածաշրջանին) պատրաստման պրոցեսներին, որից մի շիշ կարելի է գնել, ականատես լինել, թե ինչպես են խուզում ոչխարներին, որոնց բուրդով էլ տեղում գործում են ամբողջ աշխարհում հայտնի կարպետները՝ գորգերը, հաճախել ագարակներ, մեղվանոցներ, ոչխարածների և ոչխարի հոտի հետ բարձրանալ բարձր լեռնային ալպյան արոտավայրերը: Այն դեպքերում, երբ դուք մոլորվել եք և չեք կարողանում ինքնուրույն գտնել Ձեր հյուրանոցը կամ այլ վայր, որտեղ հանգրվանել եք, կարող եք օգնություն խնդրել բնիկներից, որոնք աչքի են ընկնում տուրիստների նկատմամբ իրենց բարիացակամությամբ, ովքեր կցուցաբերեն ակտիվ օգնություն կամ ծայրահեղ դեպքում, կհյուրասիրեն Ձեզ և անվճար կտրամադրեն օթևան ու սննունդ:  Ղշլաղ-Ծաղկաշատ  գյուղում բացվել է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայկական ազգային ազատագրական շարժման հայտնի գործիչ Նիկոլ Դումանի (Նիկողայոս Տեր-Հովաննիսյան) տուն-թանգարանը: Բացի դրանից, գյուղում վերականգնվել է մի ամբողջ էթնո-թաղամաս, որը ճշգրիտ կերպով արտացոլում է  19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ գյուղի անցուդարձը:

Համարյա ամեն գյուղում պահպանվել են հինավուրց եկեղեցիներ, ամրոցներ, տներ և քարապատ փողոցներ, որոնք պատկերացում են տալիս արցախյան հինավուրց լեռնային գյուղերի մասին: Գյուղական տուրիզմի սիրահարները արցախյան գյուղում մնալուց կստանան բազում դրական զգացողություններ և տպավորություններ, կծանոթանան գյուղական ավանդական կյանքին ու սովորույթներին, կկարողանան հետևել գյուղացիների կյանքի բոլոր կողմերը և ընկղմվել նրա մեջ, որն այնքան հեռու է ժամանակակից մարդու քաղաքային առօրյայից: