• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Ասկերան

Ասկերանի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ կենտրոնական մասը, հյուսիսում և հյուսիս–արևմուտքում սահմանակից է Մարտակերտի շրջանին, արևմուտքում՝ Քաշաթաղի շրջանին: Հարավային սահմանները հասնում են մինչև Մարտունու և Հադրութի շրջաններ, իսկ հարավ–արևելքում սահմանակից է Մարտունու շրջանին: Հյուսիս–արևելքով անցնում է Ադրբեջանի հետ պետական սահմանը: Շրջանը զբաղեցնում է 1222 քառ. կմ տարածք, բնակչությունը կազմում է 17 400 մարդ: Ասկերանի շրջանում կան 45 բնակավայրեր, որոնցից մեկը քաղաք է՝ շրջկենտրոն Ասկերանը, որը տեղակայված է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 14կմ հեռավորության վրա: Շրջանը ունի խառը ռելիեֆ. հարավ–արևմուտքում՝ լեռնային, հյուսիս-արևելքում՝ հարթավայրային: Շրջանով հոսում են Կարկառ, Բադարա (Պատարա) և Քոլատակ գետերը: Պատմական աղբյուրների համաձայն, վաղ անցjալում շրջանի տարածքի մի մասը` Կարկառի աջափնյա հատվածը մտնում էր Արցախի Վարանդա գավառի մեջ, ձախափնյակը` Խաչենի: Այստեղ պահպանվել են մի շարք պատմաճարտարապետական կոթողներ, որոնց շարքում մեծ հետաքրքրություն են ներկայացնում Ասկերանի ամրոցը (XVIII դար), Վարանդայի Շահնազարյան մելիքների նախկին նստավայր Ավետարանոց գյուղի հուշարձանը, Բովուրխանավանքը,Պտկեսի  Սուրբ Գևորգ եկեղեցին, Սարուշենի Փիրումաշեն եկեղեցին, Ծաղկաշատ գյուղում գտնվող XIX դարի վերջի և XX դարի սկզբներին մղված հայ ազատագրական պայքարի հայտնի գործիչ Նիկոլ Դումանի տուն թանգարանը, Բադարայի (Պատարա)  գետի ավազանի հուշակոթողները, Այգեստանի մոտակայքում գտնվող բուժիչ աղբյուրը: Ասկերանի շրջանում է գտնվում «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցը: Իվանյան գյուղի մոտակայքում գտնվում են դամբարաններ:

 

 

ՔԱՂԱՔ ԱՍԿԵՐԱՆ Ասկերան քաղաքը հիմնվել է 1920 թվականից հետո հին ռազմական բերդի տեղում, դրա համար էլ ստացել է այդ անվանումը, որը բառացիորեն նշանակում է «զորանոց»: 1967 թվականից սկսած Ասկերանը քաղաքատիպ ավան է: Բնակչությունը կազմում է 2,1 հազ. մարդ (2008թ.): Այդտեղ XVIII դարում հիմնվել էր բերդ, որը Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո երկար ժամանակ ռուսական զորքերի համար ծառայել է որպես ռազմաբազա: Քաղաքում կա պատմաերկրաբանական թանգարան, որում պահվում են հազվագյուտ ցուցանմուշներ: Վերջերս կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որում պարբերաբար իրականացվում են պատարագներ: Ասկերանի ամրոցը, որի փառահեղ պարիսպները կարելի է տեսնել դեպի «Տիգրանակերտ» արգելոց տանող ճանապարհին`  Ստեփանակերտից դեպի արևելք 14 կմ հեռավորության վրա, կառուցվել են միջնադարում: XVIII դարում այն ենթարկվել է վերակառուցման և ստացել է ներկայիս տեսքը: Պարիսպը ունի 2մ հաստությամբ և 9մ բարձրությամբ պատեր, կլոր աշտարակները իրար են միացված նեղ անցումներով: Պատերին առկա են հրակնատներ: ՈՒղղահայաց մուտքերի միջոցով կարելի է բարձրանալ պատերի վրա: Ղարաբաղի այս ամրոցը մեծ պաշտպանական դեր է խաղացել 1905-1906 թթ.՝ հայ-թաթարական բախումների ժամանակ թաթար ջարդարարներից, և 1918-1920 թթ.՝ թուրք զավթիչներից: Պաշտպանական կառույցը ձգվում է ավելի քան 1,5կմ երկարությամբ՝ Կարկառ գետի երկու կողմերով: 

Վիրտուալ տուր Ասկերանի բերդում

 

 

ԳՅՈՒՂ  ԱՎԵՏԱՐԱՆՈՑ 


Ավետարանոց գյուղը իսկական թանգարան է բաց երկնքի տակ: Միջնադարում և հատկապես Վարանդայի մելիքների իշխանության շրջանում բնակավայրը շրջապատված է եղել հզոր պարիսպներով, որոնց որոշ հատվածներ պահպանվել են մինչև օրս: Ավետարանոց գյուղում է եղել Վարանդայի Շահնազարյան մելիքների նստավայրը: Մեր օրերին են հասել նաև մելիքների պալատները: Լեգենդի համաձայն Աղվանքի թագավոր Վաչե Երկրորդը (մ.թ. V դար) ճգնավոր դառնալուց հետո հաստատվել էր հենց այստեղ և իրեն նվիրել Քրիստոսի Ավետարանին, այստեղից և գյուղը կոչվեց Ավետարանոց:

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1651 թվականին և գտնվում է գյուղի կենտրոնում: Եկեղեցում պահվում էին հինավուրց ձեռագրեր, որոնց մի մասը ստեղծվել էին հենց այստեղ:

Գյուղի հուշարձանների մեջ առանձնանում է Կուսանոց անապատը: Այն գտնվում է գյուղի հարավ–արևմուտքում: Համաձայն եկեղեցու մուտքի վերևի արձանագրության` այն կառուցվել է 1616 թվականին: Հնում այստեղ եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, ինչի մասին վկայում են ինչպես գրավոր աղբյուրները, այնպես էլ հին արքայատան մնացորդները (V-VIIդդ.): Հետազոտությունները ապացուցել են, որ հենց այդտեղ է գտնվել Մելիք-Շահնազարյանների դամբարանը: Եկեղեցու բակում ամփոփված են մելիք-իշխանների և քահանաների աճյուններ: Տաճարի պատերում  որմնաշարված են տարբեր դարաշրջանների խաչքարեր:

 

ՄԵԼԻՔՆԵՐԻ  ՊԱԼԱՏՆԵՐԸ  Ավետարանոց գյուղում կարելի է տեսնել քաղաքացիական ճարտաապետության հիանալի նմուշների հետքեր: Նախ և առաջ դրանք Շահնազարյանների երեք մելիքական ապարանքներն են: Հարավային մասում գտնվում է Բագի մելիքի պալատը, որը ունի մի քանի գլխատներ: Այդ սենյակները բավականին լավ են պահպանվել, ինչը տեղեկություններ է տալիս այն ժամանակվա կենցաղի մասին: Գյուղի արևմտյան մասում, մեծ ժայռին հարակից, գտնվում է մելիքական երկրորդ պալատը: Նրանից հյուսիս գտնվում է մելիք Շահնազարի պալատը, որը ունի մի քանի գլխատներ և կամարակապ սենյակներ: Բոլոր այս պալատները կառուցվել են XVIII դարում, բայց նրանց բարվոք վիճակը բավականին մեծ քանակությամբ տեղեկություններ է հաղորդում այդ դարաշրջանի ղարաբաղյան պալատականների կենսակերպի և կենցաղի մասին: 

 

ԲՈՎՈՒՐԽԱՆԱՎԱՆՔ  Վանքային համալիրը գտնվում է Ննգի և Կարմիր գյուղերի արանքում, ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա: Համալիրը տեղակայված է գեղատեսիլ վայրում և շնորհիվ ճարտարապետական ճիշտ լուծումների, այն ներդաշնակորեն ընդգծվում է բնության գրկում: Վանք–ամրոցը հիմնել է Վարանդայի մելիք Բագը, ով իշխանության էր  XVII դարի սկզբին: Համալիրը բաղկացած է եկեղեցուց, մի քանի բնակելի և տնտեսական կառույցներից, որոնք շրջապատված են կլոր աշտարակներով,պարիսպով: Լավ պահպանվել են վանահոր կամարակապ սենյակը, աշտարակի սենյակը և նրա հետ կապված սրահները: Այս վանք–ամրոցը ոչ միայն եղել է Վարանդայի մելիքների ամառային նստավայրի հոգևոր կենտրոնը, այլ նաև մելիքի կայազորի զորանոց: 

ՍՈՒՐԲ  ԳԵՎՈՐԳ (ՊՏԿԵՍ  ԲԵՐԴ) ՎԱՆՔ  Սուրբ Գևորգի վանքը ունի նաև այլ անվանում՝ Ուլուբաբ, որը կապված է համալիրից լեռան հարավային լանջով 300մ հեռավորության վրա գտնվող գյուղի անվան հետ: Վանքը կառուցվել է Շահնշահ Աշոտ թագավորի որդու կողմից՝ հայկական տոմարով 712 թվականին (1263 թվական), բայց տարբեր ժամանակաշրջաններում բազմիցս վերակառուցվել է: Համալիրի գլխավոր եկեղեցին արևելյան եռահարկ մատուռներով եռանավ բազիլիկն է (բազիլիկ-շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով): Հարավային մատուռի երկրորդ հարկը, որտեղ կարելի է բարձրանալ առաջին հարկի առաստաղի անցքով, կատարում էր թաքստոցի դեր: Եկեղեցու արևմտյան ճակատային մասում պահպանվել է քանդված շինություն, որը ամենայն հավանականությամբ եղել է գավիթը: Վանքի սեղանատունը գտնվում է համալիրի հարավային մասում: Պահպանված շինարարական փորագրության համաձայն` այն կառուցվել է XVI դարում: Հայկական գրականության մեջ լավ հայտնի է ձեռագրի հիշատակումը, որը ստեղծվել է Պտկես Բերդ վանքում՝ 1490 թվականին: Վանքի բակում կանգնեցրած է հատուկ գերեզմանաքար, որի կենտրոնում փորված է անցք: Ավանդության համաձայն, հիվանդները և տառապողները երեք անգամ սողում էին նրա միջով, որպեսզի ազատվեին հիվանդություններից: Քարի այդ հրաշագործ ազդեցության շնորհիվ, նաև վանքը հանդիսացել է խոշորագույն ուխտագնացության կենտրոն, ոչ միայն միջնադարում և XIX դարում, այլ նաև, նույնիսկ, խորհրդային տարիներին: 2008 թվականից այստեղ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ:

 

ՓԻՐՈՒՄԱՇԵՆ ԵԿԵՂԵՑԻ  Հյուսիս-Հարավ մայրուղու Ստեփանակերտից 22–րդ կիլոմետրին, Սարուշեն գյուղի մոտ, ճանապարհի եզրին, գտնվում է հազարամյա Փիրումաշեն բազիլիկան: Այս եկեղեցին հետաքրքրական է այն առումով, որ նրա շինարարության ժամանակ պատերի մեջ  որմնաշարվել են նախաքրիստոնեական՝ հեթանոսական ժամանակներից մնացած մեհյանների գերեզմանաքարեր: Եկեղեցուն հարակից գտնվում է գերեզմանոց՝ միջնադարին պատկանող մեծ քանակությամբ գերզմանաքարերով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում պատմաբանների մոտ: Փիրումաշեն վանքը առանձին  կանգնած է  մնացած Արցախյան հուշարձանների կողքին և համարվում է տեղացիների պարծանքը:

 

 

 

 

 

 

 

ԱՅԳԵՍՏԱՆ գյուղի մոտակայքում գտնվող բուժիչ աղբյուրը Ստեփանակերտ–Գանձասար ավտոճանապարհի տասերորդ կիլոմետրին` Այգեստան գյուղի մոտակայքում գտնվում է մի աղբյուր, որը ճանաչում է գտել իր բուժիչ հատկություններով: Այն բուժում է մաշկային հիվանդությունները: Հազարավոր մարդիկ այդ աղբյուրում լվացվելով և լվանալով մարմնի վնասված մասերը ազատել են իրենց տանջող հիվանդությունից: Մինչև այսօրշատերը հավատում են աղբյուրի հրաշագործ ազդեսությանը և ամառային օրերին կարելի է հանդիպել մարդկանց, որոնք ոտաբոբիկ շրջում են աղբյուրի շրջակայքում:

ԲԱԴԱՐԱ (ՊԱՏԱՐԱ) ԳՅՈՒՂԻ ՄԵՐՁԱԿԱՅՔԸ  Բադարա (Պատարա) գյուղը գտնվում է Ստեփանակերտից 22կմ հեռավորության վրա, անտառներով շրջապատված գեղատեսիլ լեռնային տեղանքում, և համարվում է ԼՂՀ մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ամենասիրելի հանգստյան վայրերից մեկը: Սառնորակ աղբյուրները, գեղեցիկ անտառային տեսարանները, ալպյան մարգագետինները, լեռնային գետերը. այս բոլոր թվարկածները կազմում են գյուղի տեսարժան վայրերի դեռ ոչ ամբողջ ցուցակը: Այս ամենի հետ մեկտեղ խոյանում են վանքային համալիրներ, եկեղեցիներ, խաչքարեր, որոնք պատմաբանների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում դեպի Բադարա (Պատարա) գյուղը: Օխտը եղցի (Յոթ եկեղեցիներ) վանքը, որը տեղակայված է գյուղից 7կմ հեռավորության վրա, կառուցվել է XII–XIIIդդ. և կազմված է 13 տարբեր ինչպես մշակութային, այնպես էլ բնակելի շինություններից:

ՕԾԿԱՎԱՆՔ:  Օծկավանքը գտնվում է տեսարժան ժայռի գագաթին, կազմված է եկեղեցուց, մի քանի կառույցներից և հինավուրց գերեզմանոցից: Տարածքում պահպանվել են XII–XIVդդ. խաչքարեր:

ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԸ, որը գտնվում է Բադարայից (Պատարա) 3կմ հեռավորության վրա, խոյանում է խիտ անտառում՝ հին բնակավայրի տեղում: Պահպանվել են եկեղեցին և բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը:

 

ՊԸԼԸ  ՊՈՒՂՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐԸ:  Շոշից ոչ հեռու Ստեփանակերտից Հյուսիս-Հարավ ավտոճանապարհով 12կմ դեպի հյուսիս, գտնվում է բազմաթիվ անեկդոտների հերոսի հնարամիտ և սրամիտ Պըլը Պուղու՝ մելիք Շահնազարի (XVIIIդ.) ծաղրածուի գերեզմանը: Նրա հայրենի Շոշ գյուղի բնակիչները մեծ սիրով կպատմեն Ձեզ բազմաթիվ ծիծաղելի պատմություններ՝ կապված իրենց ճանաչված հողակցի հետ: