• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Գորգագործություն

Գորգագործությունը  արվեստի ավանդական տեսակ է` տարածված Հայաստանի բոլոր շրջաններում, բայց Ղարաբաղի գորգերն իրենց յուրահատկությունների և ճանաչվածության պատճառով ուրույն բաժին են ներկայացնում: Մինչ անինիլինային սինթետիկ ներկերի տարածումը 1870-ականներին` ղարաբաղյան գորգերի հարուստ գույները ստանում էին միայն բնական նյութերից, մեծամասամբ՝ շրջանին հատուկ բույսերից և հանքանյութերից: Ինդիգոն (լեղակ) ներմուծվել է արևելքից, իսկ որդաներկը` Արարատյան դաշտավայրից: Որոշ գյուղեր և բնակավայրեր երբեք էլ չեն ընդունել սինթետիկ ներկերը` հավատարիմ մնալով իրենց ավանդական բնական մեթոդներին:

Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի համալսարանի հայագիտական ծրագրի տնօրեն դոկտոր Տիգրան Կույումջյանի հավաստմամբ, տարբեր հնագույն աղբյուրներ վկայում են Հայաստանում վարպետորեն պատրաստված գորգերի և այլ կտորների մասին: Հնագույն հայկական գորգերի մեջ մի յուրօրինակ նմուշ հանդիսացող Գոհար գորգը, որը  Տիգրան Կույումջյանն անվանել է «ամենամեծ և նրբինը», գործվել է Ղարաբաղում և ունի ստորագրություն, որում մատնանշում է գործողին՝ «Գոհար», և պատրաստման տարեթիվը` 1700 թ.: «Մեկ այլ հայտնի գորգ, որը գործվել է 1731 թ-ին՝ Արցախում, Աղվանքի Ներսես կաթողիկոսի համար, պահվում է Երուսաղեմի Սբ. Ջեյմս վանքում», վկայում է Տիգրան Կույումջյանի իր «Գորգագործությունը Հայաստանում – հետազոտություն» խորագրով հոդվածում:

Ղարաբաղում, ինչպես և Հայաստանի այլ շրջաններում, կարպետներն ու գորգերը ի սկզբանե չեն պատրաստվել վաճառքի համար: Դրանք համարվում էին կենցաղային իրեր և ընտանեկան մասունքներ, բայց ոչ` ապրանք: Գորգը տանից դուրս հանելը համարվում էր վատ նախանշան: Մասունք համարվող գորգերը պաշտպանական նշանակություն ունեին և հաճախ խորհրդանշում էին բերրիություն:

Լեգենդների խորհրդանշանները: Ղարաբաղի գորգերը հարուստ են ընտանեկան զինանշանների և հին լեգենդների խորհրդանշաններով, որոնց մի մասը թվագրվում են ժամանակներին: Չնայած, որ գորգերը դարեր շարունակ փոփոխությունների են ենթարկվել, բայց մեծ մասի նախշերը պահպանել են իրենց սկզբնական տեսքը: Ամենատարածված խորհրդանշաններից է վիշապը: Թեև վիշապը կարպետների և գորգերի տարածված խորհրդանիշ է ամբողջ Կովկասով մեկ, այն հիմնականում Ղարաբաղից հայերի մեծ արտահոսքի արդյունք է XVIII դարում, ովքեր ամբողջ տարածաշրջանով մեկ հիմնադրել կամ վերակենդանացրել են շատ քաղաքներ` այնտեղ տանելով գորգագործության իրենց ավանդույթները: Ղարաբաղյան գորգերում մեկ այլ տարածված խորհրդանշան է մեդալիոնը: Առկա են հինգ հիմնական տեսակի մեդալիոններ, թեև մի շարք այլ տարբերակների նույնպես կարելի է հանդիպել: Նրանք, ամենայն հավանականությամբ, բխում են հայտնի ընտանիքների և մելիքների (կիսաանկախ իշխանների) զինանշաններից, ովքեր  գլխավորում էին Ղարաբաղի իշխանությունները՝ սկսած միջին դարերից մինչև XIX դարը: Որոշ մեդալիոնների անունների վերջում ունեն «բերդ» արմատը, որից կարելի է ենթադրել, որ յուրաքանչյուր բերդ ուներ իր զինանշանը: Դրանք ներառում են Ջրաբերդ, Արևաբերդ և Օձաբերդ անվանումները և կազմված են ճանկախաչից (խորհրդանշում է իշխանություն և հավերժություն) և գալարվող վիշապներից:

XIX դարի սկզբին Կովկասը միացվեց Ռուսական կայսրությանը, և աստիճանաբար մելիքների իշխանությունը իրենց պատմական սահմանների հետ մեկտեղ սկսեց թուլանալ: Բայց նրանց ավանդական մեդալիոնները, իշխանական տների անկումից հետո, երկար մնացին գորգագործության արվեստում: Չնայած զինանշաններն ու մեդալիոնները Ղարաբաղի պատմական իշխանների մասունքներն են, գորգերի վրա օգտագործված խորհրդանշանները արտացոլում են այդ հինավուրց հողի բնակիչների առօրյա կյանքը և կենցաղը: Նմանատիպ գորգերի կենտրոնական զարդանախշ է հանդես գալիս թագադրված ցուլը, որի դերը Ղարաբաղի ժողովրդի կյանքում չի սահմանափակվել զուտ գյուղատնտեսական գործառույթներով: Հին ժամանակներում ցլին մեծարում էին: Նույնիսկ մահանալուց հետո նրա գանգը դրվում էր տան տեսանելի վայրում` որպես թալիսման: Շատ գորգերի վրա առկա են նաև ցուլի կաշվի և ոչխարի բրդի, ինչպես նաև հեթանոսական սրբազան խորհրդանշանների պատկերներ: Մեծաթիվ են նաև այն ղարաբաղյան գորգերը, որոնք ունեն արծվի բազմազան պատկերներով խոհրդանիշեր. արծիվը համարվում էր իշխանության, ուժի և անհունության ձգտման խորհրդանիշը:

Շարունակելով ավանդույթները: XX դարի սկզբին հայկական քաղաքների մեծ մասում ձեռագործ գորգերի ու կարպետների արտադրությունը կանգնեց` ջարդերի և շարունակական տեղահանությունների արդյունքում, երբ արժեքավոր հայկական գորգերի մեծ մասը կորավ կամ ոչնչացվեց: Գորգագործության արվեստը անցել էր սերնդեսերունդ, և ընտանիքների ոչնչացումն ու տարանջատումը, համարյա, անհնարին դարձրեց այդ ավանդույթի շարունակումը: Այնուամենայնիվ, Ղարաբաղում գորգագործությունը, որպես արվեստի տեսակ և արհեստ, պահպանվեց խորհրդային ժամանակաշրջանում: XIX-XXդդ. –ում Շուշիի գորգերը ամենալավն էին տարածաշրջանում և վաճառվում էին բոլոր հարևան քաղաքներում: 1907թ.–ին Շուշիի գորգերի գործարանում աշխատում էին 120 կանայք, ովքեր տարեկան արտադրում էին 600-700 գորգեր, որոնց մեծ մասը արտահանվում էր Եվրոպա: Խորհրդային տարիներին գործարանը տեղափոխվեց Ստեփանակերտ: Այսօր ձեռագործ կարպետներն ու գորգերը արտադրվում են ոչ միայն Ստեփանակերտում և Շուշիում, այլև շրջակա գյուղերում, մասնավորապես Ծաղկաշատ գյուղի ազգագրական թաղամասում գտնվող «Նիկոլ Դուման» տուն-թանգարանում: Այս գորգերը մինչ այսօր էլ հայտնի են և մեծ համբավ ունեն իրենց բարձր որակի շնորհիվ: Ներկայումս հայկական գորգերի նախշերը օգտագործվում են նաև նորաձևության և դիզայնի ոլորտում: Հիմնական գույները, որոնք օգտագործվում են Ղարաբաղի գորգերում՝ կարմրի, կապույտի և շագանակագույնի մուգ երանգներն են: