• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Ֆլորա և Ֆաունա

Արցախի բուսական աշխարհը բազմազան է. աճում են շուրջ երկու հազար բուսատեսակներ: Այստեղ մերկ ժայռերը շատ քիչ են. այդպիսիք են միայն բարձր լեռնագագաթային մասերը: Արցախի լեռները ծածկված են անտառներով, թփուտներով կամ խոտային բուսականությամբ: Ծովի մակերևույթից մինչև 300-350 մետր բարձրություն ունեցող տափաստանային մասերում գերակշռում են հիմնականում կիսաանապատային տիպի բուսատեսակները: Այստեղ հատկապես տարածված են օշինդրը, ուղտափուշը, կապարը, ոզնախոտը, երնջակը և այլ բազմաթիվ բուսատեսակներ: Խոտային բուսականությունը հարուստ է նախալեռնային և միջին լեռնային գոտիներում: Արցախը հարուստ է նաև անտառներով, որոնք կազմում են հանրապետության տարածքի ավելի քան 36%-ը կամ 160 հազ. հա: Առավել անտառաշատ են Մարտակերտի, Ասկերանի և Հադրութի շրջանները, ուր աճում են կաղնու, բոխու, լորենու, հացենու, կեչու և այլ ծառատեսակներ: Անտառների բացատներում առատորեն աճում են բազմատեսակ բուրումնավետ ծաղիկներ ունեցող բույսեր՝ մանուշակ, անտառավարդ, կակաչ, շուշան, մեխակ, նունուֆար: Հանրապետությունն աչքի է ընկնում նաև մոշի առատությամբ: Անտառային գոտուց վեր, մոտ 2300 մ բարձրության վրա, սփռված են ալպիական, իսկ ավելի բարձր լեռնագագաթային մասերում՝ տունդրային յուրահատուկ բուսատեսակներ:

Շատ բազմազան է նաև երկրամասի կենդանական աշխարհը: Դաշտային գոտում կարելի է հանդիպել ջեյրանների, վայրի այծերի ու խոզերի: Անտառներում կան գորշ արջեր, գայլեր, վայրի կատուներ, լուսաններ, աղվեսներ, նապաստակներ, սկյուռեր, խլուրդներ ու վայրի խոզեր: Թռչուններից տարածված են վայրի սագը, բադը, կաքավը, կաչաղակը, ագռավը, ճնճղուկը, աղավնին, ուրուրը, կկուն, տատրակը, փայտփորիկը, մոշահավը, արտույտը, բուն և այլն: Դաշտավայրային մասերում ու քարքարոտ նախալեռնային գոտիներում տարածված են օձերի շատ տեսակներ, կրիաներ, ոզնիներ: Բազմազան են մորեխների, բզեզների և թիթեռների տեսակները: Համեմատաբար մեծ գետերում կան ձկներ: