• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Աշխարհագրությունը և կլիման

Աշխարհագրական դիրքը

Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) գտնվում է Փոքր Կովկասի հարավ – արևելյան մասում: Հանրապետության ռելիեֆը ընդհանուր առմամբ լեռնային է. այն ընդգրկում է Արցախյան բարձրավանդակը և թեքությամբ իջնում է արևմուտքից՝ արևելք: Հանրապետության տարածքը բնութագրվում է սուր կտրված լեռնային ռելիեֆով: Ծովի մակարդակից միջին բարձրությունը 1100 մետր է: Արցախի գրեթե բոլոր գետերը, բացի Արաքսից, հոսում են արևմտյան և հարավ – արևմտյան լեռներից դեպի Արցախի հովիտ` լեռնային երկրի ռելիեֆը փոխակերպելով խորը կիրճերի և գեղատեսիլ վայրերի: Դրանցից ամենալայնարձակները Թարթառ գետի հովիտն է Մարտակերտի շրջանում և Արաքսի հովիտը` Դաշտային Ղարաբաղում: Հյուսիսից հարավ Սյունիքի լեռները և Վարդենիսի լեռնաշղթան ձգվում են Լեռնային Ղարաբաղի արևմտյան սահմանի ամբողջ երկայնքով և ճյուղավորվելով ձգվում են երկրի արևմուտքից դեպի արևելք: Հյուսիսային կողմում է ձգվում Մռավի լեռնաշղթան, որի ամենաբարձր լեռնային գագաթներն են Գոմշասարը (3724մ) և Մռովը (3343մ): Ղարաբաղյան լեռնաշղթան բաղկացած է հետևյալ լեռնագագաթներից` Ասկերանի շրջանում գտնվող «Քառասուն աղջիկներ» (2828մ), Մեծ Քիրս (2725մ) և Դիզափայտ (2480մ): Մեծ Քիրսը գտնվում է Շուշիի և Հադրութի շրջանների միացման տեղում, իսկ Դիզափայտը` Հադրութի շրջանում: Ղարաբաղյան բարձրավանդակը հայկականի նման բնութագրվում է իր ակտիվ սեյսմիկությամբ: Այստեղ հին ժամանակներից մեծ քանակությամբ հրաբխային ապարներ կան, օրինակ` կրաքար, նաև յուրայի և կավճի դարաշրջաններին պատկանող նստվածքային այլ ապարներ:

Կլիման

ԱՀ կլիման մեղմ է և բարեխառն. մոտ է չոր մերձարևադարձային կլիմային: Տարեկան միջին ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի սանդղակի +10.5 աստիճան է: Ամենաշոգ ամիսներն են հուլիսը և օգոստոսը, այդ ամիսներին միջին ջերմաստիճանը կազմում է 22 աստիճան:Դաշտային Արցախի տարածքը առանձնանում է համեմատաբար բարձր ջերմաստիճանով:Ցուրտ ժամանակահատվածում` հունվար և փետրվար ամիսներին միջին ջերմաստիճանն այստեղ, տատանվում է -0.2 մինչև -0.9 աստիճանների սահմաններում: Հանրապետության տարածքում ցուրտ և տաք եղանակները երկարաժամկետ չեն: Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը չի իջնում 0-2 աստիճանից ցածր, նախալեռնային շրջաններում այն իջնում է մինչև -10 աստիճան, իսկ լեռնային վայրերում` -10, -20 աստիճան: Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը բարձրանում է մինչև +40 աստիճան, իսկ բարձրադիր վայրերում` +32-ից մինչև +37 աստիճան: Լեռնահովտային քամիները գերիշխող են տարածքում: Մթնոլորտային տեղումների քանակը ըստ գոտիների տարեկան միջին հաշվով տատանվում է 480-700 մմ սահմաններում: Անձրևների մեծ մասը բաժին է ընկնում մայիս – հունիս և սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին: Հորդառատ անձրևներն ու կարկուտները նույնպես այս ժամանակահատվածներում սովորական երևույթ են:

Օգտակար հանածոներ

Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) կան մետաղական և ոչ-մետաղական մի շարք հանքատեսակներ, սակայն, երկրաբանական-հետազոտական առումով երկրի տարածքը համեմատաբար քիչ է հետազոտված: Հնագույն ժամանակներից ի վեր Ղարաբաղում հայտնաբերված են եղել քարածխի հանքեր, նաև բազմաթիվ մետաղներ, մասնավորապես` ցինկ, կապար, պղինձ, ոսկի, ծծմբային կոլչեդան և երկաթ: Արցախը հարուստ է նաև ոչ մետաղներով: Մասնավորապես, շատ են մարմարի ու բազմերանգ մարմարեցված կրաքարի հանքավայրերը: Հանրապետության տարածքում կան նաև գրանիտի, բազալտի, տուֆի, կրաքարի հանքավայրեր, ինչպես նաև բարձր որակի ցեմենտ, գրաֆիտ, վիմագրական քար, գիպս, ավազ և կավ արտադրելու հումք: 2002 թվակնից սկսած Դրմբոնի հանքում (Մարտակերտի շրջան) արդյունահանում են ոսկի: ԼՂՀ–ն նաևհարուստ է հանքային ջրերի աղբյուներով: Դրանցից մի քանիսը հայտնի են հին ժամանակներից: Հանքային ջրերի աղբյուրները, որոնք գտնվում են Շուշիից 16–18կմ հեռավորության վրա՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի մոտ, ունեն հատուկ գործնական նշանակություն: Դրանք հարուստ են երկաթով և բարձր են գնահատվում իրենց բուժիչ հատկությունների շնորհիվ: Առողջարար հանքային աղբյուրները, մեղմ կլիման, մաքուր օդը և ջինջ գետերը, նաև տարբեր մրգերով հարուստ անտառները, գեղատեսիլ հովիտներն ու ջրվեժները Արցախի հարստությունն են, որոնք կատարյալ տեղ են դարձնում այն՝ հանգիստն անցկացնելու համար: