• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Հադրութ

Հադրութի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ հարավ-արևելյան մասը։ Հյուսիսում շրջանը սահմանակցում է Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջաններին, արևմուտքում՝ Քաշաթաղին։ Հարավային սահմանն անցնում է Արաքս գետով, որը դարեր ի վեր անվանում են «հայկական մայր գետ»։ Արաքսով է անցնում նաև ԼՂՀ պետական սահմանը Իրանի Իսլամական հանրապետության հետ։ Հադրութի շրջանի արևելյան սահմանն էլ իր հերթին հանդիսանում է Ադրբեջանի հետ պետական սահման։ Հադրութի շրջանի ընդհանուր մակերեսը 1800 քառ. կմ-ից  քիչ ավելի է։ Բնակչության թվաքանակը 12 000 մարդ է։ Շրջանի  հարավային և հարավ-արևելյան մասերը համեմատաբար հարթավայրային են։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում ընկած են սաղարթախիտ անտառներով և ալպիական մարգագետիններով ծածկված  լեռնային զանգվածներ։ Այստեղ է գտնվում նաև Ղարաբաղի բարձրագույն լեռնագագաթներից մեկը՝ Դիզափայտը։ Շրջանի տարածքով հոսում է Իշխանագետը, որը թափվում է Արաքս գետը։  Շրջանի կենտրոն Հադրութ քաղաքը գտնվում է  ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 75 կմ հեռավորության վրա։ XIX դարի վերջին ХХ դարի սկզբին Հադրութը Շուշիից հետո Ղարաբաղի նշանակությամբ երկրորդ բնակավայրն է հանդիսացել։ Հադրութի շրջանը, որը Հայաստանի պատմության մեջ հայտնի է Դիզակ անվամբ, արդարացիորեն համարվում է թանգարան բաց երկնքի տակ։ Շրջանը հայտնի է բազմաթիվ վանական համալիրներով, եկեղեցիներով, հինավուրց ամրոցներով ու բնակատեղիներով։ Պատահական չէ, որ հանրահայտ հայ դերասան Վ. Փափազյանը, լինելով Հադրութի շրջանում, արտահայտել է Ղարաբաղում թևավոր դարձած հետևյալ խոսքերը. «Եթե Ղարաբաղը ոսկե մատանի է, ապա Հադրութը այդ մատանու ադամանդն է»։ Հադրութի շրջանի առավել հայտնի տեսարժան վայրերն են՝ Գտչավանքը (XIII դ), Ազոխի քարանձավը, Դիզակի Եգանյան մելիք-իշխանների պալատը (XVIII-XIX դդ), Օխտը դռնի վանքը, Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցին (XVII դ), Թաղասեր բնակատեղին (XVII դ), Հադրութ–Մարտունի մայրուղու Կարգաբազար տեղանքում գտնվող Իջևանատունը (քարավան – սարայ), ավիացիայի մարշալ, Սովետական Միության հերոս Ա. Խամփերյանցի ( Խուդյակովի) տուն-թանգարանը՝ իր հայրենի ՄԵծ Թաղլար գյուղում։ Հադրութի շրջանով է անցնում դեպի Արաքսի հովիտ տանող ճանապարհը։

Տող գյուղից ոչ հեռու, Գտչավանք տանող ճանապարհի մոտ կառուցված է հանգստի գոտի՝ ժամանակակից ջրաշխարհով  (ակվապարկ), որի տարածքով հոսում է բյուրեղյա մաքրության առվակը։ Ընտանեկան հանգստի համար նախատեսված, բոլոր հարմարություններով առանձին հատվածները տեղակայված են հսկա ծառերի ստվերում։ Հադրութի շրջանը հարուստ է ոչ միայն «խորը հնության» հուշարձաններով,  այլ նաև բնական պաշարներով՝ կուսական անտառներով ու զուլալ աղբյուրներով, ինչը այն գրավիչ է դարձնում էքստրեմալ տուրիզմի, հետիոտն և հեծյալ զբոսանքների սիրահարների համար։

 

 

ՀԱԴՐՈՒԹ ՔԱՂԱՔԸ  Շրջկենտրոն Հադրութ քաղաքի հիմնադրման ճշգրիտ տարեթիվը հայտնի չէ, սակայն նրա տարածքում հանդիպում են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի մշակութային հուշարձաններ։ Ստույգ է այն, որ արդեն 16-րդ դարում գոյություն է ունեցել Խոնաշեն (հայերեն հոն և շեն արմատներով) անվանումով բնակավայր, որը հետագայում վերանվանվել է Հադրութ (Միջագետք)։ Մինչև մեր օրերը պահպանվել են Հադրութի հին թաղամասերը՝ նեղլիկ փողոցներով ու 18-19 դդ. կառուցված տներով, 17-րդ դարի Սուրբ Հարություն եկեղեցին, հսկա չինարի ծառը, որի տարիքը կազմում է մոտ 800 տարի։ Ճանապարհորդների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Ա. Մկրտչյանի անվան պատմաերկրագիտական թանգարանը։ Թանգարանում պահված են ոչ միայն շրջանի, այլ նաև ողջ Ղարաբաղի պատմությանը վերաբերվող հետաքրքիր և հազվագյուտ նմուշներ։ Հետաքրքրություն է ներկայացնում նաև Հադրութից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տյակ գյուղը, որտեղ պահպանվել են հինավուրց աղբյուրը, տները, սալարկված փողոցները։ Աղբյուրի մոտ աճում է հսկա չինարին, որը նույնպես հանդիսանում է գյուղի տեսարժան վայրերից մեկը։ Գյուղից մի քանի կիլոմետրանոց հիասքանչ տեսարան է բացվում դեպի շրջակայքը։

 

17-րդ դարի ՍՈՒՐԲ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  ԵԿԵՂԵՑԻՆ, որը Հադրութի հիմնական տեսարժան վայրն է, կառուցվել է 1621 թվականին և գտնվում է հին թաղամասում։ Եկեղեցին ունի ուղղանկյուն հատակագիծ և ծածկված է հաստ քարե սալիկներով, որոնք ելուստների ու փոսորակների միջոցով ագուցված են միմյանց այնպիսի ճշգրտությամբ, որ գրեթե չորս դար անց ջուրը դրանցով ներս չի ներթափանցում։ Եկեղեցու պարսպապատ բակում պահպանվել են 18-19-դդ. շիրմաքարեր, որոնց տակ ամփոփված են եկեղեցու հոգևորականների և մարտերում զոհված ռազմիկների շիրիմները։ Պահպանվել է դեպի եկեղեցու բակ տանող դարպասի կամարը։ Եկեղեցու պատերին մինչև օրս պահպանվել են այդ ժամանակաշրջանին վերաբերող գրառումներ և ներամփոփված զարդաքանդակներով խաչքարեր։ Ներկայումս եկեղեցին վերակառուցված է և համարվում է գործող։

 

ՍՊԻՏԱԿ  ԽԱՉ ՎԱՆՔԸ  գտնվում է Հադրութից հարավ՝ Վանք գյուղի մոտ։  Վանքի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն նրա կառուցման ամենաուշ ժամանակաշրջանը պետք է համարել 14-րդ դարը։ Վանքից առանձին, կիսավեր որմնախորշում  կանգնած է հիշարժան խաչքարը, որի հետ կապված է հետևյալ լեգենդը. Լենկ Թեմուրը գրավելով գրեթե ողջ Արցախը և հասնելով Սպիտակ Խաչ վանքը, հրամայել է քանդել այդ որմնախորշով պատը և քարերը նետել վանքից 35-40 կմ հեռավորության վրա հոսող Արաքս գետը։ Այդ նպատակով նա իր զինվորներով կենդանի շղթա է կառուցել մինչև Արաքս։ Լենկ Թեմուրի զինվորները այդ պատի քարերը ձեռքից ձեռք փոխանցելով լցրել են գետը։ Սակայն գիշերը հրեշտակների կողմից որմնախորշը հրաշքով վերականգնվել է։ Եվ այդպես կրկնվել է ամեն անգամ։ Չկարողանալով քանդել այդ սրբավայրը` Լենկ Թեմուրը ստիպված  եղավ թողնել այս երկրամասը։

 

ԹԱՂԱՍԵՌ  ԲՆԱԿԱՏԵՂԻՆ  գտնվում է Հադրութի ծայրամասում գտնվող համանուն գյուղում և կազմված է  եկեղեցուց և կիսաքանդ խցերից, որոնք շրջափակված են պարսպով, որից միայն կտորներ են պահպանվել։ Համաձայն պահպանված շինարարական գրության, այն կառուցվել է 17-րդ դարում։

 

ՏՈՂ ԳՅՈՒՂԸ  Հյուսիս-հարավ մայրուղու մոտ, գեղատեսիլ լեռնալանջին է գտնվում 17-19 դդ Դիզակի մելիքների նախկին նստավայր Տող գյուղը։ Գյուղում պահպանվել են բազմաթիվ հինավուրց տներ, այլ ճարտարապետական հուշարձաններ։ Առավել հայտնի են Սուրբ Ստեփանոս և Սուրբ Հովհաննես եկեղեցիները, Եգանյան մելիք-իշխանների պալատը։ Ինչպես գտնում են որոշ հետազոտողներ, Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է հին հեթանոսական տաճարի տեղում։ 18-րդ դարի կեսին Դիզակի մելիք Եգանը վերականգնեց եկեղեցու ծածկերը: Եկեղեցու պատերում ներկառուցվել են 51 խաչքարեր:  Տողի կենտրոնում է գտնվում  Սուրբ Հովհաննես եկեղեցին՝  բավականին լավ պահպանված վիճակում: Պատմաբան-հետազոտող եպիսկոպոս Մ. Բարխուդարյանցի կարծիքով եկեղեցու բազիլիկը կառուցվել է 13-րդ դարում: Այս եկեղեցին, ինչպես և  Ղարաբաղի շատ այլ պաշտամունքային կառույցներ հիմնվել են հեթանոսական սրբավայրի տեղում: Կողքին գտնվում է  Դիզակի իշխաններ Մելիք Եգանյանների դամբարան ծառայած մատուռի հիմքը:  

 

ԴԻԶԱԿԻ  ԵԳԱՆՅԱՆ  ՄԵԼԻՔ-ԻՇԽԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ   Երկհարկանի պալատը իրենից ներկայացնում է հետաքրքիր ճարտարապետական համալիր, որը ներառում է բնակելի ու տնտեսական տարածքներ և մելիք Եգանի ընդունարանը։ Պալատական համալիրը ստեղծվել է 18-րդ դարի 20-30 ական թվականներին աստիճանաբար  և նոր կառույցներով համալրվել է ընդհուպ մինչև 19-րդ դարի կեսերը։ Չնայած ժամանակի ընթացքում ապարանքում տեղ գտած որոշակի փոփոխություններին, այն գործնականում պահպանել է իր սկզբնական տեսքը։ Բնակելի տարածքները և հյուրասենյակները խմբավորված են երեք տեղերում։ Ճակատներով նրանք ուղղված են դեպի ներքին բակը և միմյանց հետ կապված են պարսպապատով։ Մելիքների պալատի շեմից ներս անցնելով հայտնվում ես արցախյան մելիքների ազնվականական տոհմային օրրանի մթնոլորտում։ Շինությունները ունեն կամարակապ ծածկեր, սալարկված հատակներ և հայկական բուխարիներ։ Պատերի վրա պահպանվել են տվյալ ժամանակահատվածի պատմական անցուդարձի վերաբերյալ գրառումներ։ Պալատը հստակ պատկերացում է տալիս 18-19 դդ ավանդական կովկասյան և մասնավորապես հայկական բնակելի տների մասին։ 2009 թվականից ապարանքը գտնվում է վերականգնման փուլում, որի ավարտից հետո այնտեղ նախատեսվում է բացել ղարաբաղյան գորգագործության և ձեռագործության թանգարան։

 

ԳՏՉԱՎԱՆՔ  Տող գյուղից ոչ հեռու, Ճգնավոր լեռան հյուսիս-արևելյան լանջին, խիտ անտառների մեջ տեղակայված է Արցախի միջնադարյան քաղաքական և հոգևոր կենտրոններից մեկը՝ Գտչավանքը։ Վաղ միջնադարից հայտնի վանքը ավերվել է 7-րդ դարում՝ արաբների տիրապետության ժամանակ և նորից կառուցվել է 13-րդ դարում երկու եպիսկոպոս եղբայրների՝ Տեր Սարգսի և Տեր Վրդանեսի կողմից 1241-ից մինչև 1248 թվականները։ 18-րդ դարում Դիզակի մելիք Եգանի օժանդակությամբ վանքի տարածքն ընդլայնվել է։ Գտչավանքի համալիրը ճարտարապետական տեսանկյունից հանդիսանում է բազմադարյա հայկական մշակույթի ամենահետաքրքիր հուշարձաններից մեկը։ Վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, եկեղեցուց էլ ավելի հին նախագավիթի հետ միասին և հյուսիսից նախագավիթին կից երկրորդ եկեղեցուց։ Համալիրի արևմտյան մասում պահպանվել են բնակելի կացարանների և պաշտպանիչ պատերի ավերակները։ Համալիրի տարածքում պահպանվել են հիասքանչ խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է իններորդ դարով։ Վանքը մեծ դեր է ունեցել Արցախի մշակութային կյանքում։ Մինչև մեր օրեր են հասել այստեղ ստեղծված բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, որոնց խնայել է ամենակուլ ժամանակը։ Իր ճարտարապետական արժանիքներով ու Արցախի մշակութային կյանքում ունեցած առանձնահատուկ դերով Գտչավանքը նույն շարքում է հայկական ճարտարապետության այնպիսի գլուխգործոցների հետ, ինչպիսիք են Գանձասարը և Ամարասը։ 2007 թվականից վանքում իրականացվում են վերականգնման աշխատանքներ։

 

ԱԶՈԽԻ  ՔԱՐԱՆՁԱՎԸ  Ազոխ գյուղի մոտ գտնվող քարանձավը հանդիսանում է աշխարհում նախամարդու ամենահնագույն ու ամենահայտնի կայանատեղերից մեկը։ Հնագույն մարդկանց այդ կացարանը ունի բազմաթիվ մուտքեր ու ելքեր, լաբիրինթոսի նմանվող վեց մեծ տարածքներ, որոնցից ամենախոշորի մակերեսը կազմում է 3000 քառ. մ։ Այստեղ առաջին անգամ հնեաբանական մշակույթի այսպես կոչված աշելյան շերտում հայտնաբերվել են  ավելի քան երեք հարյուր հազար տարի առաջ այստեղ բնակված նախամարդու աշխատանքի և որսորդության  քարե գործիքներ, որմնանկարներ, որոնք վկայում են՝ աշխարհը մշակույթի միջոցով ճանաչելու,  նրա առաջին փորձերի մասին և այն ժամանակաշրջանի բուսական ու կենդանական աշխարհի մնացորդների գտածոներ։ Քարանձավի հարավային մուտքի մոտ յոթ մետր խորության վրա հնեաբանները հայտնաբերել են նեանդերթալցու ստորին ծնոտի խոշոր կտոր։ Ազոխի քարանձավի առաջին տիրոջ մնացորդների հայտնագործումն անկասկած  մեծ գիտական նշանակություն ունեցող երևույթ է։ Մինչ այդ նեանդերթալցու մնացորդներ են հայտնաբերվել միայն չորս շրջաններում՝ Սիդի Աբդ Երագմենում (Մարոկկո), Շտեյնգեյմում (Գերմանիա), Սպանոկոմբում (Անգլիա) և Սեդիադել Դիաբոլոնում (Իտալիա)։ Ազոխի քարանձավում հայտնաբերված նեանդերթալցու ծնոտը գիտական գրականության մեջ ստացել է հինգերորդ համարը։ Ազոխի հայտնագործությունը մեծ նշանակություն ունի ոչ միայն հնագույն նեանդերթալցու ֆիզիկական կերպարի վերականգնման տեսանկյունից, այն վերջնականապես հաստատում է այն գիտնականների տեսակետը, որոնք համարում են, որ Հայստանը և Կովկասը հանդիսանում են հնագույն մարդու առաջացման և բնակության սկզբնական վայրերից մեկը։ 19-րդ դարի վերջում քարանձավում հայտնաբերվել է նաև ազգային տարազով կնոջ քարակերտ արձան։ Մեծ գիտական հետաքրքրություն է ներկայացնում նաև Ազոխի լաբիրինթոսներում բնակվող չղջիկների գաղութը (մոտ 200 000 հատ)։ Այստեղ կան դրանց հինգ տեսակներ, ընդ որում, որոշ տեսակներ Ազոխի քարանձավից բացի այլ տեղ չեն հանդիպում։ «Գանձերի քարանձավը» դեռևս չի բացել բոլոր գաղտնիքները։ Նախամարդու այդ խոշոր բնակատեղին 2003 թվականից սկսած մինչև օրս պարբերաբար հետազոտվում է հայ-անգլո-իսպանական հնագիտական արշավախմբի կողմից։

 

ՕԽՏԸ ԴՌՆԻ ՎԱՆՔԸ  Վանքը գտնվում է Գտչավանքից ոչ հեռու՝ Մոխրենես գյուղի մոտ, գեղատեսիլ լեռան լանջին։ Ավանդապատումի համաձայն վանքը կառուցվել է զավթիչների դեմ պայքարում զոհված յոթ եղբայրների քրոջ կողմից։ Մինչև օրս  պահպանվել է ավանդույթը՝ եկեղեցում  յոթ մոմ վառել, ի հիշատակ զոհված յոթ եղբայրների։ Վանքը հայտնի է ոչ միայն նրանով, որ Արցախի ամենահին պաշտամունքի կառույցներից մեկն է, գլխավոր եկեղեցին պատկանում է բավականին հազվադեպ՝ կլոր, բազմաօպսիդային շինության տեսակին։ Ընդ որում եկեղեցին ԼՂՀ տարածքում այդ տեսակի միակ հուշարձանն է։ Վանական համալիրը բաղկացած է երեք հիմնական շինություններից՝ նախագավիթից, եկեղեցուց և շինությունից, որից մնացել է միայն ներքևի շարվածքը։ Կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն հետազոտողները այն համարում են վաղ միջնադարյան կառույց։ Որոշ գիտնականներ եկեղեցու կառուցման տարեթիվ են համարում 570-ական թվականները։ Վանքի տարածքում պահպանվել են խաչքարեր, որոնցից ամենահինը թվագրվում է 10-12-րդ դարերով։