• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Քարվաճառ (Նոր Շահումյան)

Քարվաճառի շրջանը զբաղեցնում է ԼՂՀ հյուսիս-արևմտյան մասը։ Շրջանի հյուսիսում անցնում է Ադրբեջանի հետ պետական սահմանը, իսկ արևմուտքում՝ Հայաստանի։ Հարավում շրջանը սահմանակից է Քաշաթաղի շրջանին, արևելքում սահմանը հասնում է մինչև Մարտակերտի շրջանը։ Քարվաճառի շրջանի մակերեսը կազմում է 1830 քառ. կմ։ Շրջկենտրոն Քարվաճառ քաղաքը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 128 կմ հեռավորության վրա։ Շրջանի տարածքով հոսում է Թարթառ գետը, որը հանդիսանում է Ղարաբաղի հիմնական ջրային զարկերակը։ Քարվաճառի շրջանի ռելիեֆը լեռնային է` խիստ կտրտված։ Տարբեր ժամանակաշրջաններում այս տարածքը անվանվել է Վայկունիք (մինչև XII-XIII դդ), Վերին Խաչեն (XIII-XVIIIդդ), Քոլան (XVIII-XIX դարի սկիզբ)։ Պահպանվել են բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, որոնք վկայում են Հայաստանի պատմության համար Արցախի այս անկյունի ունեցած դերի մասին։ Առավել հայտնի հուշարձանների թվին են պատկանում Դադիվանքը, Հանդաբերդ ամրոցը, Ծար գյուղը։

Բացի պատմաճարտարապետական հուշարձաններից, տարածաշրջանը հայտնի է բնական պաշարներով՝ սաղարթախիտ, կուսական անտառներով, փոթորկուն լեռնային գետերով, ոչ մեծ, սակայն գեղատեսիլ ջրվեժներով և տաք հանքային աղբյուրներով: Այս ամենը  Քարվաճառի շրջանում հանգստանալու հիանալի հնարավորություն է տալիս ոչ միայն հնությունների սիրահարներին, այլ նաև էքստրեմալ տուրիզմի, հետիոտն ու ձիով զբոսանքների , լեռնային գետերով ճամփորդելու, ժայռամագլցման ու լեռնագնացության երկրպագուներին:

 

 

Դադիվանք:  Դադիվանքը գտնվում է Թարթառ գետի ձախ ափին՝ Ստեփանակերտից դեպի հյուսիս 100 կիլոմետրի վրա: Հայկական ճարտարապետության այս հրաշագեղ նմուշը զարմանալիորեն ներդաշնակ կերպով ներգրվում է իրեն շրջապատող բնությանը: Վանքն իր բազմաթիվ կառույցներով գտնվում է լեռան դեպի հարավ  նայող  անտառապատ ստորոտում:  Տեղանքը գտնվում է ծովի մակարդակից  1100 մ, իսկ  Թարթառի ափից՝ 75մ բարձրության վրա: Հին ձեռագրերը հաստատում են, որ Դադիվանքը հիմնադրվել է դեռևս առաջին դարում, քրիստոնեություն քարոզելու համար տանջալի  մահով ընկած Սուրբ Դադիի գերեզմանի տեղում: Դադին յոթանասուն աշակերտներից մեկն էր, որը Թադևոս առաքյալի հրամանով մեկնեց Հայաստան և հյուսիսային երկրներ։ Լսելով Աբգար թագավորի մահվան մասին, նա վերադարձավ Արցախ և սկսեց թաքուն տարածել քրիստոնեական ուսմունքը: Այստեղ Էլ նա կնքեց իր մահկանացուն:

Դադիի զոհվելու վայրում կառուցվել է եկեղեցի, որը կոչվել է նրա անունով: Սրբի գերեզմանի ճշգրիտ տեղը ցույց է տալիս քարե սյունը: Հնագիտական պեղումների շնորհիվ գերեզմանում գտնվել են Սուրբ Դադիի մասունքները և փայտե գահը, որի վրա էլ թաղվել է սուրբը: Դադիվանքը բազմաթիվ անգամ ավերածության ու թալանի է ենթարկվել   պարսիկների, արաբների, թուրք-սելջուկների կողմից, սակայն ամեն անգամ վերականգնվել է`շարունակելով մնալ եպիսկոպոսի նստավայրը: Այդպես շարունակվում էր համարյա երկու հազար տարի: Դադիվանքը  միջնադարյան Հայաստանի խոշորագույն վանքային համալիրներից մեկն է եղել: Չնայած թշնամու անթիվ ավերիչ ասպատակությունների, մինչև մեր օրերը պահպանվել են մոտ երեսուն  տարբեր նշանակության կառույցներ: Ճարտարապետական համալիրի հնագույն եկեղեցին՝ միանավ բազիլիկը, գտնվում է համալիրի հյուսիսային մասում: Համալիրի զարդն է հանդիսանում Արզու Խաթունի կառուցած  Մայր եկեղեցին (XIIIդ.): Եկեղեցում պահպանվել են որմնանակարներ, որոնցից մի քանիսը ինքը՝ Խաչենի իշխանուհին է ստեղծել: Նա գործել ու ասեղնագործել է նաև Ավագ խորանի վարագույրը: Հյուսիսային ճակատամասից  բացի,  մյուս կողմերից և ներսից պատերի մեծ մասը ծածկված է վիմագրերով: Եկեղեցին ունի  ներսից խաչաձև, իսկ դրսից՝ քառանկյունի կառուցվածք, չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով: համալիրի մեջ են մտնում նաև սեղանատունը, հովվապետի հանգստի սենյակները, ձեռագրատունը,  որտեղ ստեղծվում էին ձեռագրերի համար հիասքանչ մանրանկարներ, վանականների խցերը:  Դադիվանք ճարտարապետական խոշոր համալիրը, որը կանգնած է  ճարտարապետության այնպիսի գլուխգործոցների շարքում , ինչպիսիք են Գանձասարը, Ամարասը, Գտչավանքը, կարելի է համարել  մի ինքնաոճ պատկերասրահ, որը հավաքել ու պահպանել է բազմադարյա հայկական  ճարտարապետության լավագույն ավանդույթները:  Ներկայումս  վերակառուցման ու վերականգման ենթարկվելով՝ Դադիվանք վանական համալիրը վերածնունդ է ապրում և բաց է զբոսաշրջիկների այցելության համար:

Վիրտուալ տուր Դադիվանքում


   

Հանդաբերդ ամրոցը։ Այս ամրոցը, որը հայտնի է իր փառահեղ պատմական անցյալով, բազմիցս հիշատակվում է Հայաստանի պատմության մեջ։ Այն կառուցվել է IX դարի երկրորդ կեսին Ատրներսեհ իշխանի կողմից, ով հետագայում, խալիֆի դեմ խռովության մասնակցության համար, գերեվարվեց։ 1142-1182 թվականներին ամրոցը պատկանում էր Վերին Խաչենի իշխան Հասան Վախթանգյանին։ Հանդաբերդը թշնամիների կողմից բազմիցս ենթարկվել է պաշարման և հարձակումների։ Հայտնի է նաև, որ այդ տեղում ամրություն է եղել դեռևս  V դարից սկսած և Հանդաբերդը ընդամենը ավելի ընդլայնված պաշտպանական կառույց է։ Ամրոցը տեղակայված է Չափնի գյուղի մոտ, անտառապատ ու զառիթափ լեռան գագաթին և երեք կողմից շրջապատված է խորը անդունդներով։ Միակ ճանապարհն անցնում է հարավ-արևմտյան պատի տակով և դարպասներին է մոտենում հյուսիսից։ Ամրությունն ունի կեղծ դարպասներ, ութ պահակային աշտարակներ, անձրևաջրերի հավաքման համար ժայռափոր  ավազաններ։ Ամրոցի պարիսպները ունեն մինչև ութ մետր բարձրություն։ Հանդաբերդը Արցախի ամենահայտնի ամրոցներից մեկն է։ Գտնվելով անմատչելի ժայռի գագաթին, այն իր վեհությամբ մեծ տպավորություն է թողնում այցելուների վրա։ Ամրոցից ոչ հեռու տեղակայված է եկեղեցուց, մատուռից և աղոթարանից բաղկացած վանքային համալիրը։ Վիմագրական գրառումներից դատելով` այդ համալիրը կառուցվել է  XII-XIII դարերում։ Վանքը վեր է խոյանում Լեվ գետի ափին՝ գեղատեսիլ հովտի մեջ։

Ծար գյուղը։ Միջնադարյան հայ տարեգիրները դարեդար գովաբանել են իշխանական կամ մելիքական ամրացված Ծար գյուղը` անվանելով այն «աստվածապահապան Ծար գյուղ»։ Այդ հանրահայտ բնակավայրը տեղակայված է Թարթառ գետի վերին հոսանքներում՝ երեք կողմից 300-310 մ բարձրության ժայռերով շրջապատված բարձրավանդակի վրա և միայն մի կողմից կա ճանապարհ դեպի գյուղը։ Հենց այդ կողմից է կառուցված պարսպապատը։ Ծարը գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 2000 մ բարձրության վրա։ Մեղմ և առողջ կլիմայի շնորհիվ գյուղը հանդիսացել է տեղի իշխանների ամառային նստավայրը։ Առաջին անգամ բնակավայրի մասին հիշատակվում է 1289 թվականին։ Այստեղ տեղակայված են եղել համանուն գավառի վարչական կենտրոնը և իշխանական նստավայրը։ Գյուղն ուներ XIII-XIV դարերի չորս եկեղեցիներ, իսկ շրջակայքում եղել են երկու վանքեր։ Գյուղի տարածքում պահպանվել է 1658 թվականին կառուցված հազարաշեն-տունը, որը  հայկական ճարտարապետության յուրահատուկ նմուշ է հանդիսանում։ Ծարը դարեր ի վեր հայտնի է եղել որպես ձեռագրության կենտրոն։ 1950-ական թվականներին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները քանդելով հայկական սրբատեղի- եկեղեցիները, կառուցեցին դպրոց՝ պատերի մեջ շարելով խաչքարերը։

Տաք ջրերի աղբյուրները։ Քարվաճառի տարածքում կան տաք ջրերի բազմաթիվ աղբյուրներ, որոնցից առավել հայտնի են Ջերմաջուր գյուղի ( Քարվաճառ քաղաքից 12 կմ հեռավորության վրա) և Զուար գյուղի մոտ (Դադիվանքից 22 կմ հեռավորության վրա) գտնվողները։ Դրանցից առաջինը հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Զուար գյուղի կողքին գտնվող հեյզերը իրենից ներկայացնում է մոտ 2,5 մ տրամագծով և մեկ մետրից ավելի խորությամբ կրային նստվածքներից պատրաստված բնական «ջակուզի», որի կենտրոնից ժայթքում է տաք հանքային ջուրը։ Այդ «ջակուզիում»  ջրի ջերմաստիճանն այնպիսին է, որ նույնիսկ ամենացուրտ եղանակին կարելի է ընկղմվել ջրի մեջ` առանց առողջության մասին մտահոգվելու։