• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Քաշաթաղ (Լաչին)

Քաշաթաղի շրջանը գտնվում է ԼՂՀ հարավ-արևելքում և հյուսիսում սահմանակցում է Մարտակերտի ու Քարվաճառի շրջանների հետ: Արևմուտքում ու հարավում անցնում է պետական սահմանը  Հայաստանի և Իրանի հետ: Հարավից շրջանին հարում են Հադրութի, Շուշիի ու Ասկերանի շրջանները: Շրջկենտրոն Բերձոր քաղաքը  գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից  45 կմ  հեռավորության վրա:  Շրջանի տարածքը կազմում է 3377քառ. կմ, բնակչությունը՝ 8550 մարդ: Քաշաթաղի ռելիեֆը լեռնային է, խիստ կտրտված:  

 Տարածքով անցնում են Հագարա և Աղավնո գետերը: Հնում այս տեղանքը եղել է Աղաէջք գավառի հարավային և հարավ-արևմտյան մասը։ Քաշաթաղի շրջանում պահպանվել են հին և միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, որոնց թվին են պատկանում Ծիծեռնավանքը, ժայռային եկեղեցին, ներկայումս ժամանակակից հյուրատան վերածված մելիքների պալատը։ Շրջանում  բազմաթիվ են չուսումնասիրված կամ քիչ ուսումնասիրված ճարտարապետական հուշարձանները։ Քաշաթաղը հայտնի է նաև իր բնական պաշարներով՝ անտառներով, վարար գետերով, հանքային և տաք ջրերի աղբյուրներով։ Շրջանը հաճելի վայր է հետիոտն և հեծյալ զբոսանքների,  ժայռամագլցման, ալպինիզմի, լեռնային գետերում լողորդելու բոլոր սիրահարների համար։

Բերձոր։ Քաշաթաղի շրջանի շրջկենտրոն Բերձոր քաղաքը  ստեղծվել է հին հայկական բնակավայրի տեղում։ Քաղաքում կա  գործող Սուրբ Համբարձում եկեղեցի, հնագիտական թանգարան, որտեղ ներկայացված են հին Հայաստանի այս շրջանի պատմության վրա լույս սփռող նմուշներ։

Ծիծեռնավանք։ Ծիծեռնավանք գյուղի մերձակայքում, Երևան – Ստեփանակերտ մայրուղու վրա գտնվող Աղավնո գյուղից 12 կմ հեռավորության վրա, Աղավնո գետի և նրա Խոզնավար վտակի միջև գեղատեսիլ վայրում կառուցված է Ծիծեռնավանքը։ Մինչև մեր օրերը հասած լեգենդի համաձայն վանքն անվանվել է ի պատիվ այն ծիծեռնակի, որը փրկել է վանքը կառուցող շինարարներին։ Նկատելով, որ թունավոր օձը մտել է այն կաթսայի մեջ, որտեղ եփվում էր ճաշը` ծիծեռնակը փորձել է իր ծլվլոցով շինարարների ուշադրությունը գրավել, սակայն նրանք չեն հասկացել այդ զգուշացումը։ Այդ ժամանակ ծիծեռնակը ինքն է նետվել եռացող  կաթսայի մեջ և այդպիսով շինարարներին փրկել անխուսափելի մահից։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն` վանքը հիմնադրվել է հեթանոսական տաճարի տեղում V-VII դարերում։ Վանքի պսակը եռանեֆ բազիլիկն է՝ հայկական ճարտարապետության առավել ուշագրավ և հիասքանչ ստեղծագործություններից մեկը։ Եկեղեցին տպավորիչ է ինչպես իր չափսերով, այնպես էլ պատերի որմնանկարներով։ Վանական համալիրը պարսպված է պատով, որում կառուցված են եղել ու պահպանվել են կամարակապ առաստաղներով ու պատուհաններով վանական խցերը, որտեղ ներկայումս  տեղակայված է հնագիտական թանգարանը։ Արևմտյան մասում պահպանվել են դեռևս 1613 թվականին կառուցված դարպասները։ Վերջին տարիներին վանքը վերականգնվել է և ներկայումս այն գործնականում գտնվում է նախաստեղծ վիճակում։ Ծիծեռնավանքը վստահաբար կարելի է դասել ոչ միայն Արցախի, այլ նաև ողջ հայկական ճարտարապետության առավել հիասքանչ ու կատարյալ ճարտարապետական հուշարձանների շարքը։

Ժայռային եկեղեցին։ Ծովի մակերևույթից 1200 մետր բարձրության վրա, Աղավ գետի ձախ ափին բնության կողմից ստեղծված ժայռային անտառում իրարից ոչ հեռու տեղակայված են  մի քանի ժայռային խցեր և եկեղեցի։ Եկեղեցին պահպանվել է իդեալական վիճակում։ Զոհասեղանից բացի, որն առանձին է հատվել, ողջ եկեղեցին ամբողջովին հատվել է միաձույլ ժայռում։ Այս ճարտարապետական հուշարձանը հանդիսանում է Արցախի ժայռային պաշտամունքի ոչ մեծաթիվ կառույցներից մեկը։

Մելիքների պալատը Քաշաթաղում։ Պալատը գտնվում է Ծիծեռնավանքից 12 կմ հեռավորության վրա՝  Մելիքաշեն գյուղում։ Մելիքատուն համալիրը պատված է աշտարակ ու դարպաս ունեցող պարսպապատով։ Պալատը բաղկացած է կամարակապ սրահներով երկհարկանի ապարանքներից և այլ շինություններից։ Հետազոտող Մ. Ասատրյանի կարծիքով պալատը XV դարի վերջին  հիմնադրել է մելիք Հայկազը։ Վերականգնվել են դարպասները, պարսպապատերը, բարեկարգվել է պալատի շրջակա ողջ տարածքը։ Ներկայումս այստեղ բացվել է հարմարավետ բնակելի սենյակներով ու բարձր մակարդակի սպասարկումով ժամանակակից հյուրատուն։

Ծիծեռնավանքի մոտ գտնվող տաք ջրի աղբյուրը։ Ծիծեռնավանքից 12 կմ հեռավորության վրա է գտնվում այս երկրամասում հայտնի տաք ջրերի աղբյուրը։ Նրանից դուրս եկող տաք ջուրը լցվում է մոտակայքում գտնվող երեք ավազանների մեջ։ Ավազաններից մեկը խորն է, իսկ մյուս երկուսը ծանծաղ են և դրանցում կարելի է կազմակերպել երեխաների հանգիստը։ Տաք ջրերի աղբյուրը հայտնի է իր բուժիչ հատկություններով։