• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Ցածրադիր Ղարաբաղ

«Ցածրադիր» տերմինով ընդունված է կոչել պատմական Ղարաբաղի դաշտավայրային մասերը։ Այս տարածքներն ազատագրվել են ռազմական գործողությունների ժամանակ և 1994 թվականի մայիսի 12- ի հրադադարի մասին Համաձայնագրի համաձայն ներկայումս գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տիրապետության տակ։

Ինչպես լեռնային հատվածում, ցածրադիր Ղարաբաղում նույնպես սփռված են բազմաթիվ հայկական մշակույթի հուշարձաններ, որոնց միայն չնչին մասն է պահպանվել մինչև օրս։ Այստեղ են գտնվում Արևելյան Հայաստանի խոշորագույն Տիգրանակերտ քաղաքը, որը կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում Տիգրան Մեծ թագավորի կողմից, մի քանի վաղ քրիստոնեական եկեղեցիներ և վանքային համալիրներ։ 19-րդ դարի վերջից Ղարաբաղում սկսեցին հայտնվել նաև մահմեդական մշակույթի հուշարձաններ, որոնք ներկայացված են առանձին գլխում։

 

 Տիգրանակերտ: Տիգրանակերտը Ղարաբաղի հնագիտական հուշարձաններից մեկն է, որը գտնվում է Մարտակերտ քաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա՝ Վանքասար բլրի լանջին, որը հայտնաբերվել է հնագետների կողմից  2006 թվականին: Արցախի Տիգրանակերտը մեկն է այն երեք նույնանուն քաղաքներից, որոնք կառուցվել են հայոց արքա Տիգրան Մեծի հրահանգով Ք.ա. I դարում: Հնէաբաններն արդեն պեղել են քաղաքը շրջապատող ամրոցի պարիսպի մնացորդները: Հայտնաբերվել է քարանձավային մատուռ, որը հետագայում վերածվել է  քրիստոնեկան եկեղեցու: Մինչև XIV դարը գոյություն ունեցող քաղաքի ներսում հայտնաբերվել է մեր թվարկության  V դարի քրիստոնեական եկեղեցի, շարված  սրբատաշ մեծ ուղղանկյուն քարերից, առանց որևիցե  ամրացնող լուծույթի: Միջնաբերդի պատերը զբոսաշրջիկների վրա թողնում են չտեսնված տպավորություն  և ապշեցնում  հին քարտաշների վարպետությամբ. այդ քարաբեկորների  արանքում անհնար է նույնիսկ ասեղ մտցնել: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև մեծ թվով ժամանակաշրջանին հատուկ նյութական մշակույթի հուշարձաններ, որոնք դեռևս գտնվում են հետազոտությունների փուլում: Պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև ուշ միջնադարյան դղյակ: Ուղղանկյունաձև դղյակը ամրացված է անկյունների  բարձր աշտարակներով: Բարձրության ստորոտին, որտեղ կառուցված է դղյակը, բխում է Ղարաբաղի ամենաջրառատ աղբյուրը, որը պարսկական տիրապետության ժամանակ ստացել է Շահբուլաղ անվանումը (շահի աղբյուր): Այն սկիզբ է տալիս մի ջրառատ առվի, որի ջրերը դարեր ի վեր օգտագործվել են մոտակա դաշտերի ոռոգման համար: Աղբյուրի մոտ պահպանվել է նաև հին  իջևանատան կառույցներից մեկը:

Վանքասար

Ոչ հեռու Տիգրանակերտի ավերակներից, ծովի մակերևույթից 290 մետր բարձրության վրա վեր է խոյանում Վանքասար լեռը: Լեռան գագաթին պահպանվել է V դարում կառուցված եկեղեցին: Բարձրանալով շրջապատի վրա այն համարվում է ինքնատիպ դիտարան, որտեղից տեսարան է բացվում ամբողջ Արևմտյան Ղարաբաղի և Հարավային Կովկասի հարթավայրերի վրա՝ ընդհուպ մինչև մեծ Կովկասի լեռնաշղթան արևելքում: Արքեպիսկոպոս Մակար Բարխուդարյանը իր «Արցախ» գրքում (1895թ.) մեր օրերին է հասցրել եկեղեցու մասին գեղեցիկ առասպելը: Մի անգամ ոմն հովիվ ոչխարներին արածեցնում էր սարի լանջին: Մի օտարական նրանից կաթ է խնդրում խմելու համար: Հովիվը մերժում  է: Օտարականը ծնկի է  իջնում և խնդրում Աստծուն. «Եթե դու ինձ տաս ոչխարների հոտ, ես կաթով կհյուրասիրեմ բոլոր օտարականներին»: Լսելով աղոթքը՝ Հիսուսը շրջապատի  բոլոր սպիտակ քարերը վերածեց ոչխարների: Երջանիկ օտարականը ոչխարներին բարձրացրեց սարը: Հանկարծ Հիսուսը հայտնվեց նրա դիմաց ութսունամյա ծերունու կերպարով և կաթ խնդրեց, բայց ստացավ սառը մերժում: Աստված խաչակնքվեց և հովիվին  ոչխարների հետ միասին քար դարձրեց: Այդ ժամանակից քոչվորները այս վայրն անվանում են Չոբանդաղ, իսկ հայերենով՝ Վանքասար:

Ակնա (նախկին Աղդամ): Պատերազմական գործողությունների ժամանակ ավերված քաղաքի ավերակները ստիպում են ճանապարհորդներին մտածել պատերազմի սարսափների և խաղաղ կյանքի արժեքի մասին: Այստեղ պահպանվել են XIX դարի վերջի պարսկական մզկիթ, դղյակ, քոչվոր ցեղերից մեկի դամբարան, մուսուլմանական գերեզմանատուն իրենց գերեզմանաքարերով, որոնցից մի քանիսը ապշեցնում են հին քարհատների վարպետությամբ: Զբոսաշրջիկները նաև կարող են տեսնել XIX դարի վերջին այստեղ կառուցված Հուբլարյան եղբայրների գինու գործարանի ավերակները, որը համարվում է Երևանի Շուստովի  կոնյակի գործարանի (այժմ Երևանի «Արարատ» կոնյակի գործարան) սպիրտի կարևոր մատակարարներից մեկը: 2004-2005թթ. –ի պեղումների ժամանակ մոտակայքում հայտնաբերվել են վաղ միջնադարյան հայկական եկեղեցու մնացորդներ:

Արաքսի գետահովիտը: Արաքս գետի հովիտը Ղարաբաղի առավել գեղեցիկ վայրերից մեկն է: Այստեղ լեռնային  բլրակները սահուն վերածվում են հարթավայրի և միաձուլվում են ոչ միայն Ղարաբաղի, այլև ամբողջ հարավային Կովկասի ամենաջրառատ գետահովտի հետ: Հին ժամանակներում Արաքսի հովիտը եղել է ոչ միայն հայ արքաների, այլև պարսկական շահերի սիրելի որսատեղին: Այն հարուստ է ֆաունայի տարատեսակ ներկայացուցիչներով՝ վարազներով, եղջերուներով և գրավիչ է արկածներ փնտրող զբոսաշրջիկների համար: Պտղատու հողը, պայծառ արևը և Արաքսի կենարար ջուրը կյանք են տալիս խաղողի հրաշալի որթերին, որոնց պտուղներից պատրաստվում է հայտնի ղարաբաղյան գինին: Պատմական հուշարձաններից հովտում պահպանվել են  VII և XIII դարերի խուդաֆերինյան երկու քարե բազմակամար կամուրջները,  որոնցից մեկն առ այսօր Ղարաբաղը կապում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Արաքսի հովտով է անցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը Իրանի հետ, ինչպես նաև՝ ավտոճանապարհը, որը միացնում է Հադրութը Հայաստանի Հանրապետության քաղաքներից Կապանի հետ:

Ղարղաբազար իջևանատուն: Տեղակայված է Հադրութ – Մարտունի մայրուղու վրա Ղարղաբազար տեղանքից ոչ հեռու: ХVII դարի այս ճարտարապետական հուշարձանը յուրահատուկ տեղ է զբաղեցնում Ղարաբաղի ճարտարապետության մեջ: Կառուցված լինելով հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթներով, այն յուրահատուկ փակված փոքր աշխարհ էր` իր ավանդույթներով և սովորույթներով: Այնտեղ էին գտնվում գիշերելու սենյակները, ախոռները, գինետները, և քրիստոնյաների ու մուսուլմանների աղոթասրահները: Առևտրականների, Իրանից Հայաստան եկած և այստեղից այնտեղ գնացող  ճանապարհորդների բազմալեզու ամբոխները լցնում էին այս իջևանատունը, որը գտնվում էր Ղարաբաղից Պարսկաստան տանող գլխավոր քարավանային ուղու վրա: