• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Մարտակերտ

Մարտակերտի շրջանը գտնվում է ԼՂՀ հյուսիսում և զբաղեցնում է Խաչեն և Քոլատակ գետերի ավազաններից հյուսիս ընկած տարածքը։ Շրջանի սահմանը հյուսիսում ձգվում է մինչև Ադրբեջանի կողմից ներկայումս բռնազավթված Շահումյանի շրջանը, արևմուտքում Մարտակերտի շրջանը սահմանակից է ԼՂՀ Քարվաճառի շրջանին, հարավում՝ Ասկերանի և Քաշաթաղի շրջաններին, իսկ արևելքում՝ Ադրբեջանին։ Շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 1795 քառ. կմ, բնակչությունը՝ 19 000 մարդ։ Մարտակերտի շրջանի ցածրադիր մասը 1992 թվականից բռնազավթված է Ադրբեջանի կողմից՝ ուստի զբոսաշրջիկների այցելությունը շրջանի այդ տարածքներ անհնարին է։ Մարտակերտ շրջկենտրոնը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից 60 կմ հեռավորության վրա։ Ժամանակակից Մարտակերտի շրջանի տարածքը իր մեջ ներառում է պատմական Ջրաբերդ գավառը և Գյուլիստան ու Խաչեն գավառների մի մասը։ Մարտակերտի բնությունը գեղատեսիլ է և հրապուրիչ որսորդության և հանգստի համար, քանի որ շրջանում մեծ քանակությամբ անտառներ կան։ Խաչեն և Թարթառ ջրառատ գետերում ձուկ է աճում՝ այդ թվում նաև հանրահայտ կարմրախայտ իշխանը։ Լինելով Մարտակերտի շրջանում զբոսաշրջիկները կարող են հպվել վարար ջրվեժներով, ծաղկած հովիտներով, կանաչապատ բլուրներով կուսական բնությանը։ Մարտակերտ շրջկենտրոնից արևմուտք, Թարթառ գետի վրա գտնվում է Սարսանգի ջրամբարը և ՀԷԿ-ը։ Ջրամբարի հարևանությամբ, Դրմբոն գյուղի մոտ գործում է ոսկու-պղնձի հանքավայրը։ Ամենաժամանակակից մեթոդներով թանկարժեք մետաղների արդյունահանումն իրականացնում է ԼՂՀ ամենախոշոր ձեռնարկություններից մեկը՝ «Բեյզ Մեթլզ»-ը։ Կոմբինատը զբաղվում է ոչ միայն հանքավայրի շահագործմամբ, այլ նաև շրջանի շինարարավերականգնողական աշխատանքներով։ Մարտակերտի շրջանը Արցախի պատմության համար հատուկ դեր է ունեցել։ Նրա տարածքում են գտնվում բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, այդ թվում Գանձասար (13-րդ դար), Երիցմանկանց, Եղիշե Առաքյալի վանքերը, Հակոբավանքը, մելիք–իշխան Բեգլարյանների պալատը, Ջրաբերդ, Կաչաղակաբերդ, Խոխանաբերդ ամրոցները։

Մարտակերտ քաղաքը։ Մարտակերտ շրջկենտրոնը ոչ մեծ հարմարավետ քաղաք է՝ տարածված բլուրների վրա։ Ադրբեջանական բռնազավթման ժամանակ քաղաքը էապես վնասվել է, սակայն ազատագրվելուց հետո բավականին արագ վերականգնվել է։ Զարմանալի է, բայց նույնիսկ ժամանակավոր բռնազավթումից հետո էլ քաղաքում պահպանվել են 19-րդ դարի շինություններ։ Քաղաքի հին թաղամասի շատ տներ առանձնանում են յուրահատուկ հայկական ճարտարապետական ոճով։ Դրանք բոլորը զարդարված են զարդաքանդակներով ու դրվագներով։ Հին քաղաքի նեղլիկ փողոցներում պահպանվել են գլաքարերով սալարկված անցումներ։ 1883 թվականին կառուցված և բռնազավթումը վերապրած  Մարտակերտի եկեղեցին հիմնանորոգվել է 2008 թվականին։ Մարտակերտում զբոսաշրջիկները կարող են այցելել պատմաերկրաբանական թանգարան, որի նմուշները ներկայացնում են տարածաշրջանի պատմության տարբեր ժամանակաշրջաններ, տեսնել ինչպես քրիստոնեկան, այնպես էլ ավելի վաղ մշակույթի նմուշներ։ Թանգարանի բակում տեղադրված են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի կուռքերի տեսարժան քարե արձաններ, որոնք այստեղ են բերվել Ադրբեջանի կողմից բռնազավթված Սեյսուլան գյուղի մերձակայքից։ Շրջկենտրոնից ոչ հեռու, Թազախաչ լեռան արևելյան լանջին երևում են հնագույն բնակավայրի ավերակներ։ Պահպանվել են առանձին տների հիմքերը, երկու եկեղեցիների պատերը և գերեզմանոցը։ Եկեղեցին, որի շուրջը կանգնեցված են կուռքերի պատկերներով դամբանաքարերը, տեղի բնակիչները անվանում են Կռապաշտի հանգստարան։ Մարտակերտի հին հեթանոսական բնակավայրում հայտնաբերվել են հնագույն քարե դամբարաններ (սարկոֆագներ), որոնցից երկուսը ներկայացված են Ստեփանակերտում՝ Արցախի Պետական պատմաերկրագիտական թանգարանում։

Գանձասար վանքը (Սուրբ Հովհաննես Մկրտչի)։ Արցախի բնակիչների համար  դարավոր քրիստոնեական ավանդույթների և ժողովրդական իմաստության հուշարձան է հանդիսանում Գանձասարը՝ վանք, որը հպարտ բազմած է Խաչեն գետի ձախ ափի բարձր բլրին։ Ինչպես միայն չեն կոչում Գանձասարի վանքը՝ «հայ ճարտարապետության խոշորագույն հրաշք», «երկնային գմբեթավոր տաճարի նմանվող եկեղեցի», «կատարյալ արարում», սակայն մարդկային լեզուն անկարող է նկարագրել այս հիրավի ապշեցուցիչ տեսարանը։

Վանքի կառուցումը սկսվել է 1216 թվականին և ավարտվել 1238-ին։ Մեծ թվով մարդկանց, որոնց թվում միայն եկեղեցականները կազմում էին 700 հոգի 1240 թվականին Վարդավառ մեծ տոնի օրը ( կիրակի հուլիսի 22-ին) կայացել է եկեղեցու օծումը։ Տաճարի շինարարական գրությունը ասում է՝  <<Հանուն Սուրբ Երրորդության՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հրամայել եմ այս գրությունը փորագրել ես՝ Աստծո ծառա Ջալալ Դոլա Հասանս, որդին Վախթանգի, թոռը Մեծ Հասանի, բարձր և մեծ Արցախյան երկրամասի տիրակալը, Խոխանաբերդի և ընդարձակ գավառների արքան>>։

Նախորդ հարյուրամյակի սկզբի հայտնի բյուզանդագետ, Փարիզյան Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Շառլ Դիլը Գանձասարը համարում է համաշխարհային մշակույթի և ճարտարապետության գանձարանը մտած հինգ հայկական հուշարձաններից երրորդը։

Հովհաննես Մկրտչի եկեղեցին ողջ քրիստոնեական աշխարհում հայտնի է նաև նրանով, որ զոհասեղանի տակ թաղված է  հենց իր՝  Հովհաննես Մկրտչի գլուխը։ Առանձնահատուկ խորաքանդակներով և հովհարաձև ծածկով բազմանիստ թմբուկը փառահեղ և միևնույն ժամանակ  նրբագեղ տեսք է տալիս գմբեթին։ Հենց գմբեթի  դեկորատիվ-ճարտարապետական ձևավորումն է հանդիսանում անհայտ ճարտարապետի ամենաէական ձեռքբերումը։ Նախագավիթը արտաքին կողմից բավական հասարակ է, դա ուղղանկյուն շինություն է՝ կենտրոնում ութանկյուն թեթև կլորությամբ ( ռոթոնդայով) ։ Նախագավիթի գլխավոր հատվածը կրկնակի եզրապատված արևմտյան պորտալն է։ Նախագավիթ-գավիթի ներսի հիմնական զարդարանքն են ստալակտիտները, շեղանկյունաձև, շախմատային վանդակներով, մանր հյուսերով, աստղերով և այլ  նախշերով տարբեր պատկերները։ Նախամուտքը ծառայում էր որպես Հասան–Ջալալյանների դամբարան։ Նախամուտքի արևելյան մասում են հանգչում այդ տոհմի շատ հայտնի ներկայացուցիչներ՝ սկսած Հասան-Ջալալ Բարեպաշտից ու նրա ժամանակաշրջանի հոգևոր հայրերից մինչև Բաղդասար թեմակալը։ Եկեղեցի մտնելիս անհնար է ոտք չդնել  վանքի հիմնադիր Հասան Դոլա Ջալալի գերեզմանաքարին։ Դա սրբապղծություն չի համարվում, քանի որ նա ինքն է կամեցել, որպեսզի բոլոր եկեղեցի մտնողները անցնեն իր գերեզմանով՝ հանգուցյալի մեղքերը քավելու համար։ Բացի վանքից և նախագավիթից, Գանձասարը հայկական մյուս վանքերի նման,  պատված է ներսում բնակելի և տնտեսական տարածքներ ունեցող վանական ցանկապատով (ամրոցային պարսպապատով)։ Համալիրի արևելյան հատվածում պահպանվել է երկհարկանի շինություն, որը ժամանակին ծառայել է որպես դպրոց, իսկ այնուհետև՝ նաև վանական եղբայրության համար կացարան։ Պարսպապատերի համակարգում առավել տեսարժան ու յուրահատուկ են գլխավոր մուտք համարվող հարավային դարպասները։ Վանքից ոչ հեռու Խաչեն գետի կիրճում, կառուցված է հարմարավետ հանգստի գոտի՝ նավի տեսքով կառուցված հյուրանոցով (ինչի պատճառով տեղացիները այն անվանում են «Տիտանիկ»)։ Այստեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գեղատեսիլ կիրճում կառուցված է «Ծովին քար» հյուրանոցը։ Գանձասարի վանքը, որի Սուրբ Գահի տակ թաղված է Հովհաննես Մկրտիչի գլուխը մշտապես համարվել է  Ղարաբաղի ուխտագնացության հիմնական վայրերից մեկը այն հրաշքների շնորհիվ, որոնք ինչպես հավատում է տեղի բնակչությունը կատարել է հենց Սուրբ գլուխը։ Վերջին հրաշքները տեղի են ունեցել մեր օրերում՝ ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ ադրբեջանական բանակի կողմից վանքի ռմբակոծությունների ժամանակ դեպի գմբեթը սլացող արկերը հանկարծակի փոխում էին ուղղությունը և պայթում հեռու կիրճում՝ չվնասելով տաճարը։ Իսկ 1992 թվականին զոհասեղանի երկու կողմում՝ բարձր պատերի վրա հայտնվել են պահապան հրեշտակների անձեռակերտ պատկերներ: Տարեց-տարի այդ պատկերները ավելի ցայտուն ու հստակ են դառնում և այսօր արդեն տեսանելի են առաջին հայացքից: Ղարաբաղցիները հավատում են, որ մի անգամ լինելով Գանձասարում ու տեսնելով  նրա անձեռակերտ նկարներով զարդարված  կամարներն ու գմբեթները, այնտեղից աթեիստ հեռանալն անհնար է:

Հովհաննես Մկրտչի գլխի մասին առասպելը։ Աստվածաշունչը պատմում է Հովհաննես Մկրտչի  սպանության մասին։ Մահացել էր Հերովդեսի եղբայրը և ցանկացել էր Հերովդեսը վերցնել իր եղբոր կնոջը, իսկ Հովհաննեսը հանդիմանել է նրան ու ասել «Չպետք է դու վերցնես քո եղբոր կնոջը»։ Այդժամ Հերովդես արքան, խախտելով Սոլոմեան, հրամայեց գլխատել Սրբին։ Պատմությունն այն մասին է, թե ինչպես է Հովհաննես Մկրտչի գլուխը հայտնվել Գանձասարում, մեր ժամանակակիցներին է հասել միջնադարյան պատմիչ Մովսես Կաղանկատվացու «Սուրբ Հովհաննես Մկրտչի ազնիվ գլխի մասին» աշխատության շնորհիվ։ Երկու  ճգնավորներ, տան ավերակներից դուրս եկող պայծառ լույս տեսնելով, հայտնաբերեցին Գլուխը, որից էլ հենց ճառագում էր լույսը։ Նրանք սկսեցին թափառել շրջակայքում և Գլխի զորությամբ բուժել հիվանդներին:  Այդ ժամանակ մի չքավոր երազում տեսավ Սուրբ Հովհաննես Մկրտչին, որը նրան խնդրում էր քարանձավում քնած ճգնավորների մոտից վերցնել գլուխը և տանել այն, ինչի դիմաց չքավորին կշնորհվի հարուստ կյանք։ Չքավորը այդպես էլ վարվեց, և թաքցնելով  Գլուխը իր  պայուսակում, սկսեց բժշկել հիվանդներին։ Այնուհետև Գլուխը հայտնվեց մի բրուտի տանը, որտեղից էլ մի ոմն արքայազն գողացավ այն ու տեղափոխեց Կոստանդնուպոլիս։ Կաթոլիկներն իմանալով այդ մասին, ցանկանում էին գողանալ Գլուխը, սակայն արքայազնը հասցրեց մասունքը տեղափոխել Իբերիա։ Այնտեղ Հովհաննես Մկրտչի գլուխը ձեռք բերվեց Արցախի մեծ իշխան Հասան Ջալալյանի կողմից։ 1211 թվականին Ղարաբաղի տիրակալը ժամանել էր Իբերիա, որպեսզի խնդրի եղբորը իրեն տալ Գլուխը։ Սրբությունը կամավոր հանձնելու հարցում եղբոր կողմից մերժում ստանալով՝ Հասան Ջալալյանը ուժով վերցրեց այն, տեղափոխեց իր թագավորության մայրաքաղաք և թաղեց դամբարանում։ Այնուհետև դամբարանի վրա ի փառս Քրիստոս Աստծո և նրա Մկրտիչ Սուրբ Հովհաննեսի  կառուցվեց եկեղեցի, որն օծվեց հոգևորականության մեծ (ավելի քան 700 հոգևորական) մասնակցությամբ։ Վանքի պատերում ամփոփված են նաև մի քանի այլ մասունքներ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ծնոտը, Սուրբ Զաքարեի աջ ձեռքը, Սուրբ  Բարդուղիմեոսի մասունքներ և այլն:

Վիրտուալ տուր Գանձասարում

 

Եղիշե Առաքյալի վանքը։ Մռավ լեռան ստորոտում է գտնվում Եղիշե Առաքյալի վանքը։ Վանք տանող արահետը անցնում է անտառով ու խորը անդունդների եզերքով վեր խոյացած ժայռերով։ Վանական համալիրի տեղակայման բլրի հարավային կողմը իրենից ներկայացնում է ուղղահայաց ժայռ, իսկ մյուս երեք կողմերը ամրացված են հզոր պատերով։ Վանքի առաջին շինության կառուցումը վերագրվում է հայտնի քաղաքական ու մշակութային գործիչ՝ Վաչագան Բարեպաշտ արքային ( մ.թ. 5-րդ դարի վերջ- 6-րդ դարի սկիզբ)։ Վանքն իր անվանումը ստացել է հետևյալ պատճառով։

Այն բանից հետո, երբ  տանջամահ արվեց մեր թվարկության առաջին դարում Հայաստանի արևելյան մասերում քրիստոնեություն տարածող Թադևոս Առաքյալը, Եղիշե անունով նրա աշակերտներից մեկը գնաց Երուսաղեմ ,  որտեղ ձեռնադրվեց արևելյան երկրների եպիսկոպոս։ Վերադառնալով Կովկաս Եղիշե Առաքյալը սկսեց քրիստոնեություն տարածել Դերբենդում և ողջ հյուսիսային Կովկասում, որտեղ բացի տեղաբնակներից բնակվում էին նաև հրեաների ու արամեների խոշոր համայնքներ։ Եղիշե Առաքյալը Գիսում կառուցեց Կովկասի առաջին եկեղեցին, որտեղ տրվեց <<անարյուն զոհաբերությունը>>։ Սակայն առաքյալի քարոզները թշնամաբար ընկալած հեթանոսներից մի քանիսը սկսեցին հետապնդել նրան։ Եղիշե Առաքյալը տանջամահ արվեց, իսկ նրա մնացորդները նետվեցին փոսի մեջ։ V դարի երկրորդ կեսին Վաչագան Բարեպաշտ արքան ձեռք բերեց սրբի մասունքները, տեղափոխեց դրանք Արցախ, թաղեց բարձր լեռան վրա և գերեզմանի վրա մատուռ կառուցեց։ Հետագայում մատուռի շուրջը կառուցվեց վանք, որն այդպես էլ կոչվում է <<Սուրբ Եղիշեի վանք>>: Վանքում մինչ օրս էլ պահպանվել են Սուրբ Եղիշե Առաքյալի գերեզմանը, դամբանաքարը և մատուռը։ Մեր օրերում ևս մարդիկ վանք են այցելում՝ հավատալով Սուրբ Եղիշե Առաքյալի մասունքների հրաշագործ ուժին։ Ներկայումս գոյություն ունեցող եկեղեցին կառուցվել է 1284 թվականին։ Եկեղեցու շուրջը տեղակայված են 7 մատուռներ, որոնցից մեկում թաղված է Վաչագան Բարեպաշտ արքան, մյուսում՝ Ջրաբերդի իշխան Ատոմը։ Եղիշե Առաքյալի վանքը հանդիսանում է Ղարաբաղի հավատացյալների համար ամենահայտնի և  ընդունված սրբավայրերից մեկը։

 

 

 

 

 

 

 

 

Կաչաղակաբերդ։ Գանձասարի ճանապարհին, Գևորգասար լեռան հարավ-արևմտյան լանջից հիանալի տեսարան է բացվում։ Հեռվում, Սուրբ Հակոբի վանքի դիմաց, խիտ անտառով պատված լեռնաշղթայի գագաթին գտնվում է Կաչաղակաբերդը։ Պատմական աղբյուրներում այս հնագույն ամրությունը հիշատակվում է Խաչենի ամրոց անվամբ:  Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 9-րդ դարում երկրամասի իշխանուհիներից մեկը՝ Սպրամ անունով, կորցնելով ամուսնուն՝ <<ձեռք է բերել տղամարդու քաջություն>> և իր հետ վերցնելով ողջ մնացած դստրերը, հաղթահարելով  դժվարանց գիշերային ճանապարհը, թաքնվել էր Խաչենի ամրոցում:  Կաչաղակաբերդի բարձունքից դեպի հյուսիս հիասքանչ տեսարան է բացվում՝ կապույտ մշուշի  մեջ երևում են բարձր լեռների գագաթներն ու Թարթառ գետի արծաթյա թելը:

Երեքմանկունք (Երիցմանկանց) վանքը: Վանքը տեղակայված է հայտնի Ջրաբերդ  ամրոցից 7 կմ հեռավորության վրա:  Ճարտարապետական անսամբլը կազմված է եկեղեցուց և 2 բնակելի կառույցից: Պահպանված գրառումների համաձայն վանքը կառուցել են Սիմոն կաթողիկոսն ու նրա եղբայրը: Վանքի ճարտարապետը Սարգիսն է եղել, զոհասեղանի պատի ներսի կողմից արված մակագրությունն ասում է «Վանքի ճարտարապետ ու կառուցող վարպետ Սարգիսը: Հիշատակեք (աղոթքներում) առ Հիսուս»:  Վանքի պատերում ներկառուցված են խաչքարեր, որոնք թվագրված են 1571, 1620, 1745 թթ.: Այս վանքում ապրում էին բազմաթիվ վանականներ ու ճգնավորներ, ինչի մասին վկայում են բուխարի վառարաններ ունեցող  բազմաթիվ խուցերն ու դահլիճները: Կառուցված լինելով  անտառապատ բարձր նեղ բլրի վրա՝ Երեք Մանկունքը իրենից  գեղատեսիլ կառույց է ներկայացնում: Վանքի կողքին գտնվող սարերը իրենց գագաթները  հասցնում են համարյա մինչև ամպերը, նեղ կիրճերով հոսում են արագահոս գետերը:  Վանք կարելի է այցելել Տոնաշեն գյուղից, միայն ամենագնացներով կամ ոտքով:

Հակոբավանք(Սուրբ Հակոբի վանքը):  Այս հայտնի Վանքը գտնվում է Խաչեն գետի աջ ափին:  Պատմական գրականության մեջ հիշատակվում է նաև Մեծարանից անվամբ: Վանքի հիմնադրման ժամանակը անհայտ է, սակայն պատում գտնվող  խաչքարի  ամենահին մակագրությունը թվագրված է 853թ.: Հակոբավանքի հաջորդ վկայակոչումը կապված է  վանքի՝ 1212 թ. իշխանուհի Խորիշաղի կողմից սկսված  վերակառուցման հետ: 17 –րդ դարում վանքը ևս  մեկ անգամ վերականգնվել է:  Եկեղեցական համալիրը կազմված է երկու եկեղեցիներից, երկու նախագավիթներից, բնակելի և տնտեսական շինություններից, որոնք պարսպապատված են:   Հատուկ արժեք են ներկայացնում նուրբ զարդանախշերով խաչքարերը, որոնցից յուրաքանչյուրը տեղեկատվություն է անցյալի մասին ու հանդիսանում է քարտաշների բարձր վարպետության նմուշ:

Ջրաբերդ ամրոցը: Թարթառ ու Թրխի գետերի միացման տեղում , Թարթառի աջ ափին վեր է խոյանում մի ժայռ, որի վրա գտնվում է Ղարաբաղի ամենահայտնի բերդերից մեկը՝ Ջրաբերդը, որն իր անունը ստացել է այն բանի համար, որ երեք կողմից շրջապատված է ջրով: Այդպիսի անառիկ և միևնույն ժամանակ փառահեղ ամրություններ բնությունը քիչ է ստեղծել: Հայ մեծ գրող-պատմիչ Րաֆֆին, համեմատելով Ջրաբերդը ղարաբաղցիների ըմբոստ էության ու անճկուն կամքի հետ, գրել է. <<Հրեշավոր անդունդից բարձրանում է սեպաձև ժայռը: Նայում ես ու հիանում. Ինչքա՜ն հզոր է այս հրաշքը ստեղծած  բնությունը>>: Առաջին անգամ բերդը հիշատակվում է մ.թ. 620-ական  թվականներին: Ինչպես նշվել է, բերդը  երեք կողմից շրջապատված է ջրով ու զառիթափ ժայռերով և միայն չորրորդ կողմից է պաշտպանված պատով, որում գտնվում է միակ մուտքը: Բերդի տարածքը բավականին ընդարձակ է: Ժայռերում փորված են դեպի գետը տանող աստիճաններ: Ջրաբերդը Ղարաբաղի լավ պահպանված բերդերից մեկն է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն պատմիչների,  այլ նաև սուր զգացողությունների ու  էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար:

Խոխանաբերդ

Գանձասարի դիմաց վեր է խոյանում խիտ անտառներով պատված Թարխանասար լեռը։ 13-րդ դարում Խաչենի իշխան Հասան-Ջալալը նրա գագաթը կառուցապատեց պաշտպանիչ պատով և դարձրեց այն անառիկ ամրոց, որը հայտնի է Խոխանաբերդ անվամբ։ 13-րդ դարի հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ՝   <<… երբ թաթարներն եկան ու պաշարելով այն չկարողացան գրոհով գրավել, նրանք (թաթարները) առաջարկեցին խախաղության դաշինք կնքել իշխան Հասան-Ջալալի հետ>>։ Ներկայումս ամրոցից մնացել են պատերը, անձրևաջրերը հավաքելու համար նախատեսված ջրամբարները։ Ավանդապատումի համաձայն ամրոցը Խաչենի իշխանի դստեր՝ գեղեցկուհի Ռուզանի համար ծառայել է որպես ամառային նստավայր։ Զբոսաշրջիկները կարող են ամրոց հասնել ոտքով կամ ձիերով, որոնց կարելի է վարձակալել հարևան գյուղում։

 

Սարսանգի ջրամբարը։ Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1970-ական թվականների սկզբին (երկարությունը՝ 12 կմ, լայնությունը՝ 2 կմ, ջրային հայելու մակերեսը կազմում է 14 քառ. կմ, ծավալը՝ 612 մլն խոր. մ, առավելագույն խորությունը՝ 90 մ, պատնեշի բարձրությունը՝ 125 մ) ԼՂՀ տարածքով հոսող ամենախոշոր գետի՝ Թարթառի վրա։ Սա Հարավային Կովկասում ամենաբարձր լցնովի ամբարտակն է։ Ջրամբարի վրա կառուցված է Սարսանգի ՀԷԿ-ը (հզորությունը՝ 110 մեգավատտ), որն Էներգիայով ապահովում է ողջ հանրապետությանը։ Ամբարտակի կառուցման համար շինարարական բրիգադներ են ներգրավվել նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետություններից։ Ամբարտակը ծառայել է ոչ միայն էլեկտրաէներգիա ստանալու, այլ նաև դաշտերը ոռոգելու համար։ Ազատագրական պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում կատաղի մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992 թվականի ամառային հարձակումը և  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի կողմից վերականգնվել է Սարսանգի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։ Իր ունեցած տնտեսական նշանակությունից  բացի այն համարվում է նաև շրջանի տեսարժան վայրերից մեկը։ Գտնվելով գեղատեսիլ լեռների մեջ, ջրամբարը գրավիչ է ոչ միայն շրջակա բնության գեղեցկությամբ, այլ նաև ջրային մարզաձևերով զբաղվելու կամ ուղղակի ջրային զբոսանքներ կատարելու հնարավորությամբ։ Ջրամբարում կան աշխարհի որևէ այլ վայրում չհանդիպվող ձկնատեսակներ։ Ձկնորսությունն այստեղ ամբողջ տարին թույլատրված է, սակայն, չնայած դրան, այստեղ մեծ քանակությամբ ձուկ է աճում։ Ձկնորսության սիրահարների համար հիշարժան կլինի ոչ միայն ձկների առատությունը, այլ դրանց (ձկների) անկրկնելի համը։ Սարսանգի ջրամբարին հարող տարածքում՝ Դրմբոն գյուղի մոտ 2003 թվականից գործում է Դրմբոնի ոսկու արդյունահանման կոմբինատը։ Արտադրությամբ զբաղված են հարակից գյուղերի բնակիչները, ինչը բարենպաստ ազդեցություն է թողնում բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Հանքի շահագործման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում բնապահպանական միջավայրի պահպանությանը և շրջակա միջավայրի վրա լեռնամետալուրգիական արտադրության բացասական ազդեցության բացառմանը։

Վիրտուալ տուր Սարսանգի ջրամբարի մոտ

Սուրբ Ամենափրկիչ վանքը։ Սարսանգի ջրամբարին հարող տարածքում և շրջակա բնակավայրերում կարելի է տեսնել բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ։ Այդ հուշարձանները մեր նախնիների պատմության քարե վկայություններն են, որոնցում արտացոլված են  հայրենասիրական ոգին և ազատության ու անկախության անսասան կամքը։ Դրանցից մեկն է հանդիսանում Սուրբ Ամենափրկիչ վանքը։ Վանքը գտնվում է Թարթառ գետի աջ ափին՝ Պողոսագոմեր, Չլդրան, Կոճողոտ և Դրմբոն գյուղերի միջև։ Վանքի կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, բայց գրության մեջ իշխան Հասանի ու նրա որդի Վաչագանի անունների հիշատակումը հիմք է տալիս ենթադրել, որ այն կառուցվել է 13-րդ դարի սկզբին։ Վանքը եղել է Խաչենի իշխանության հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը։ Վանքի շրջակայքում հին կառույցների հետքեր, խաչքարեր և քարերի վրա փորագրված արձանագրություններ են պահպանվել։

Ակնաբերդ ամրոցը։ Մյուս նշանակալի հուշարձանը հանդիսանում է Մարտակերտի շրջանի համանուն գյուղի մոտ գտնվող Ակնաբերդ ամրոցը։ Բալի լեռան ստորոտում Ակնա գետակի ձախ ափի անառիկ բարձրավանդակի վրա վաղ միջնադարում կառուցված ամրոցը մեծ տարածք է զբաղեցնում։ Դատելով նրա պատերի պահպանված մասերից՝ ամրոցը այդ գավառի բնակիչների ինքնապաշտպանության կազմակերպման համար մեծ դեր է ունեցել։ Պատի հյուսիս-արևելյան մասից գաղտնի գետնուղի է սկիզբ  առնում, որը տանում է դեպի գետը։ Ամրոցից դեպի հարավ-արևելք ընկած են իշխանական պալատի և ընդարձակ բնակատեղի ավերակները՝ մեծ ու փոքր կառույցների մնացորդներ, երեք կիսավեր եկեղեցիներ  և հղկված սալաքարեր։ Ժամանակին այստեղ էր գտնվում Հաթերքի իշխանության վարչական կենտրոնը։