• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐ

Հեռախոսային ցանցը

Համարյա ամբողջ Ղարաբաղով մեկ տարածված է ժամանակակից կապի ծառայությունների ցանցը, որը գործում է կանոնավոր` առանց ընդհատման: Հեռախոսային ծառայությունները ԼՂՀ-ում մատուցվում են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից, որն օգտվողներին ապահովում է առավել ժամանակակից և հարմար տեխնոլոգիաներով ու ծառայություններով: Ընկերությունը տրամադրում է նաև արտաքին զանգեր: Փոստային-հեռագրային գրասենյակները բաց են բոլոր բնակավայրերում: Բնակավայրի տարածքում ֆիքսված հեռախոսակապով զանգերը իրականացվում են անվճար: Դեպի երկրի այլ բնակավայրեր զանգերի համար գործում է րոպեավճար: Րոպեի արժեքը կախված է այն երկրից, ուր ուզում եք զանգահարել: Արտաքին զանգեր կատարելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հավաքել 0, ապա տվայլ երկրի կոդը, այնուհետև նահանգի (կամ քաղաքի) կոդը և անհրաժեշտ հեռախոսահամարը: ԼՂՀ միջազգային հեռախոսային կոդը + 374 479 է: Եթե դուք ԼՂՀ զանգահարում եք արտասահմանից, միջազգային կոդից հետո պետք է հավաքել նաև հնգանիշ հեռախոսահամարը: 

Բջջային կապ: Բջջային կապի ծառայությունները լայնորեն տարածված են ԼՂՀ-ում: Բնակչության մեծ մաը, այդ թվում նաև երեխաները, ունեն առնվազն մեկ բջջային հեռախոս: Բջջային կապի ծառայությունները ղարաբաղյան շուկայում տրամադրվում են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից: Ղարաբաղում գործում են նաև Հայաստանի բջջային կապի օպերատոր «ՎիվաՍել»-ի քարտերը: «Ղարաբաղ Տելեկոմ»-ի, ինչպես նաև «ՎիվաՍել»-ի կանխավճարային և հետվճարային քարտեր կարելի է ձեռք բերել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սպասարկման կենտրոններում: Սպասարկման կենտրոնները կարելի է հեշտությամբ ճանաչել լոգոտիպով` սպիտակ ֆոնի վրա կապտակարմիր տառերով` «KT»: Բոլոր մուտքային զանգերն անվճար են: Ելքային զանգերը ցանցի ներսում իրականացվում են մեկ սակագներով, իսկ դեպի այլ ցանցեր սակագները կախված են տվյալ երկրներից: Բջջային կապի և ծառայությունների սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության www.ktsurf.net կայքէջից: 

Սպասարկման կենտրոններից կարելի է ֆաքս ուղարկել, ինչպես նաև միջքաղաքային հեռախոսային զանգեր կատարել օրվա ցանկացած ժամանակ: «Ղարաբաղ Տելեկոմ» և «ՎիվաՍել» ընկերությունները ԼՂՀ տարածքում իրականացնում են բջջային կապի աշխարհի առաջատար պրովայդերների ռոումինգ ծառայություններ: «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սպասարկման կենտրոնների մասին տվյալներ կարելի է ստանալ այս հասցեով

Ղարաբաղ Տելեկոմի կոնտակտային տվյալները

ք. Ստեփանակերտ, Վ.Մամիկոնյանի փող.,

հեռ.` (+374 47)97 17 36:

Ինտերնետ կապ

Այսօր ինտերնետ ծառայությունը հասանելի է ԼՂՀ ամբողջ տարածքում: Գործում են մի քանի ինտերնետ պրովայդերներ, որոնք մատուցում են տարբեր տեսակի ինտերնետ ծառայություններ: Բոլոր սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները և այլ նման հաստատություններ ունեն անվճար wi-fi կապ: Բացի այդ, հասարակական վայրերում՝ ինչպիսիք են հրապարակ, զբոսայգի և այլն, դուք կունենաք հնարավորություն օգտվել անվճար wi-fi կապից: Եթե ինչ-որ գործ ունեք անելու, միշտ կարող եք այցելել ինտերնետ-սրճարաններ կամ ինտերնետ ակումբներ և օգտվել բարձրորակ ինտերնետից որոշակի ժամավճարի դիմաց: Այժմ արդեն երկրի ողջ տարածքում գործում է 3G բարձրորակ կապ, որից օգտվելու համար ընդամենը պետք է այցելել KT(Ղարաբաղ Տելեկոմ) սպասարկման կետերից մեկը և ակտիվացնել:

Փոստ

Երկրի գրեթե բոլոր քաղաքներում կան փոստային բաժանմունքներ: Կենտրոնական փոստային գրասենյակը գտնվում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում` Հակոբ Հակոբյան փող. 30 հասցեում: Փոստային բաժանմունքներն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ `ժամը 9:00-ից մինչև 17:00-ն` մեկ ժամ ընդմիջումով ժամը 13:00-ից մինչև 14:00-ն: Կենտրոնական փոստը աշխատում է նաև շաբաթ օրերին` ժամը 9:00-ից մինչև 13:00-ն: Տոն օրերին փոստային գրասենյակները փակ են: Փոստային բաժանմունքները մատուցում են նամակների ուղարկման և ստացման հետ կապված տարբեր ծառայություններ: ԼՂՀ-ից կարելի է ուղարկել նամակներ կամ բացիկներ, որն իրականացվում է ավիափոստով, ինչպես նաև ծանրոցներ` ըստ համապատասխան դրույքաչափերի, որը հաշվում է ըստ ծանրության, երկրի, ուր ուղարկվում է և առաքման տեսակի: Փոստային առաքումը կարող է լինել նաև պատվերով: 1992 թ-ից Լեռնային Ղարաբաղը տպում է իր նամականիշերը, որոնք շրջանառվում են ամբողջ աշխարհում և բարձր են գնահատվում ֆիլատելիստների կողմից: Ղարաբաղյան նամականիշերի հավաքածուն կարելի է գտնել այստեղ: Երկրի փոստային բաժանմունքներում վաճառվում են նամականիշեր, դեկորատիվ բացիկներ և ծրարներ:

Փոստային ադմինիստրացիան մատուցում է նաև մի ծառայություն, որը հնարավորություն է տալիս փոստով նամակ, փաթեթ կամ ծանրոց ստանալ` միայն ստացողի անունով: Ուղարկողը ուղարկվող նամակի, փաթեթի կամ ծանրոցի վրա պետք է գրի «Post Restante» և նշի այն տեղի անունը, որտեղից այն պետք է ստանա և հասցեատիրոջ լրիվ անունը, ով կարող է ստանալ ուղարկվածը փոստային աշխատողին իր անձնագիրը կամ ինքնությունը հաստատող փաստաթուղթը ցույց տալուց հետո միայն: Ուղարկվածը պահպանվում է փոստում ստացված օրվանից սկսած մինչև մեկ ամիս ժամանակով: 30 օրը լրանալուց հետո այն հետ է ուղարկվում ուղարկողին: Ղարաբաղ և Ղարաբաղից ուղարկվող փոստը հասնում է հասցեատիրոջը 7-14 օրվա ընթացքում ` կախված ուղարկող երկրից և հասցեատեր երկրից:

Փոստային ինդեքս. 375000: