• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Կրոն

Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) աշխարհիկ պետություն է, և, համապատասխանաբար, եկեղեցին առանձնացված է պետությունից, և պետությունը՝ եկեղեցուց: Բնակչության մեծ մասը դավանում են քրիստոնեությունը և կազմում են աշխարհի ինքնուրույն քրիստոնեական հոսանքներից մեկը հանդիսացող՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմը: Մինչև Խորհրդային կարգերի հաստատումը բնակչության մոտ 3%-ը դավանում էր նաև իսլամի շիա ուղղությունը և ուղղափառ եկեղեցին: Բնակչության աննշան մասը ավետարանչականներ են, կան նաև կաթոլիկներ: Ինչպես հավատացյալները, այնպես էլ աթեիստները աչքի են ընկնում այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչների նկատմամբ իրենց հանդուրժողականությամբ: Արցախում հանգիստ են վերաբերվում, նաև, տարբեր դավանական շերտերի արտաքին արտահայտումներին՝ հագուստ և  աքսեսուարներ, որոնք արտացոլում են այս կամ այն կրոնական ուղղությանը պատկանելու հանգամանքը: Քրիստոնեության տարածումը Արցախում, ինչպես և ամբողջ Հայոց աշխարհում հասնում է մինչև առաջին դար՝ առաքելական քարոզչության շրջան: Թեմի հոգևոր կենտրոնը պատմական մեծ ավանդույթներ ունեցող Գանձասարի վանքն է, իսկ վարչական առաջնորդանիստ կենտրոնը Շուշի քաղաքը, մայր տաճարը՝ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին: Թեմում գործում են` <<Գանձասար>> աստվածաբանական կենտրոնը, որը հրատարակել է 50 անունից ավելի, արժեքավոր կրոնական, աստվածաբանական գրքեր, <<Գանձասար>>  կրոնական ռադիոհաղորդաշարը, Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնը, որը վերահսկում է կիրակնօրյա դպրոցների գործունեությունը և կրոնի ուսուցման գործընթացը Արցախի բոլոր դպրոցներում: Գործում են նաև Շուշիի հոգևոր դպրանոցը, Թեմի լրատվական կենտրոնը, Քրիստոնեական մշակութային կենտրոնը, Մանկական քրիստոնեական թատրոնը, Եկեղեցասիրաց մանկաց միությունը, Եկեղեցասիրաց եղբայրակցությունը և այլն: Արցախում առաջին քարոզիչներն էին Քրիստոսի 72 աշակերտներից Դադին և Եղիշեն, որոնք տարածեցին քրիստոնեության լույսը և ընկան տանջալից մահով: Ներկայումս Արցախում գործում են տասնյակից ավել եկեղեցիներ՝ Շուշիում, Ստեփանակերտում, Գանձասարում, Ամարասում, Մարտունիում, Ասկերանում, Բերդաձորում և այլ բնակավայրերում: