• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Կրոնական

Ուխտագնացությունը մարդուն ճամփորդության դրդող հիմնական պատճառներից մեկն է։ Եվրոպացի բազմաթիվ պիլիգրիմներ վտանգներով, դժվարություններով ու զրկանքներով  լի ճանապարհ են ընկել` նպատակ ունենալով հասնել Երուսաղեմ կամ այլ սրբավայր և խոնարհվել սուրբ վայրերին, բուժվել կամ երախտագիտություն հայտնել Աստծուն։ Բազմաթիվ ուխտագնացներ ու պիլիգրիմներ չեն վերադարձել հայրենիք` մահն ընդունելով ավազակների ձեռքից, հիվանդություններից ու սովից։ Սակայն դա չէր կանգնեցնում հավատացյալներին, ընդհակառակը՝ ուխտագնացության ճանապարհին մահն ընդունելը համարվում էր մարտիրոսություն։ Ժամանակակից աշխարհում ուխտագնացությունն այդպիսի վտանգներով ու դժվարություններով չի ուղեկցվում, ինչպես հնում, դեպի սրբավայր տանող ճանապարհը կարճ ժամանակ է տևում։ Այդ ամենն օգնում է կրոնական զբոսաշրջության զարգացմանը։ Դարեդար Ղարաբաղը համարվում է քրիստոնեության պատվարը  ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավային Կովկասում։ Քրիստոնեությունն այստեղ է ներթափանցել դեռևս մ.թ. 1-ին դարում։ Արցախում նույնիսկ ԽՍՀՄ ժամանակաշրջանում հոգատարությամբ պահպանում էին ազգային սրբավայրերը՝ եկեղեցիները, վանքերն ու մատուռները։  Ղարաբաղում ուխտագնացության հիմնական կենտրոններ են մնում Գանձասարը, որտեղ թաղված է քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբություններից մեկի՝ Հովհաննես Մկրտիչի գլուխը , Դադիվանքը, որը կառուցված է Թադևոս Առաքյալի աշակերտներից մեկի՝ Դադիի գերեզմանատեղում, Ամարասի և Եղիշե Առաքյալի վանքերը, կառուցված համապատասխանաբար Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի և Եղիշե Առաքյալի դամբարանների վրա։ Ամարասի վանքում թաղված են նաև Սուրբ Զաքարեի և Սուրբ Բարդուղիմեոսի մասունքները։ Ավանդապատումի համաձայն այստեղ էին գալիս անզավակ զույգեր, վերցնում մի բուռ հող և դրանից հետո ունենում երեխաներ։ Սրբերի մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ այցելելով մեր կայքէջի ՙՔրիստոնեական եկեղեցու Սրբերը Ղարաբաղում՚ բաժինը։  Ամեն տարի Ղարաբաղն ընդունում է բազմաթիվ ուխտավորների, որոնք այստեղ են գալիս խոնարհվելու այնպիսի համաքրիստոնեական սրբություններին,ովքեր են Հովհաննես Մկրտիչի գլուխը, Սուրբ Զաքարեի և Սուրբ Բարդուղեմիոսի մասունքները։

Բացի ուխտագնացության հիմնական կենտրոններից՝ Գանձասար, Դադիվանք, Ամարաս, որտեղ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից կարելի է հասնել տրանսպորտով՝ Հյուսիս – Հարավ մայրուղով, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ սրբավայրեր ԼՂՀ յուրաքանչյուր շրջանում։ Այդ սրբավայրեր տանող ճանապարհը հաճախ դժվարանցանելի է և այնտեղ հասնել կարելի է միայն ոտքով կամ ձիով, ինչը սակայն չի վախեցնում տարբեր բնակավայրերից այստեղ հասնող բազմաթիվ ուխտագնացներին։ Ուխտագնացության այդպիսի վայրերին են պատկանում Դիզափայտը, Սպիտակ Խաչը Հադրութի շրջանում, Սուրբ Եղիշեի եկեղեցին Ճարտար գյուղում (Մարտունու շրջան) , Սուրբ Գևորգի եկեղեցին Ասկերանի շրջանի Ուլուբաբ գյուղում , Եղիշե առաքյալի վանքը Մարտակերտի շրջանում և ուրիշները։ Կուսական անտառներում կորսված այդ եկեղեցիներից ու մատուռներից շատերը հիմնված են սրբերի կամ մարտիրոսների գերեզմանատեղերի վրա և հնուց ի վեր համարվել են բուժիչ զորությամբ օժտված ( Սպիտակ Խաչը Հադրութում, Սուրբ Գևորգի եկեղեցում կա անցքով գերեզմանաքար, որի միջով անցնում էին անպտղությունից բուժվել ցանկացող կանայք)։   Այս ուխտավայրեր այցելող անհավատ մարդիկ նույնպես իրենց անտեսված չեն զգա, բացի հինավուրց ճարտարապետության հիանալի հուշարձանները տեսնելու հնարավորությունից, ժամերգությանը հաճախելով, զբոսաշրջիկները կարող են ավելի մոտիկից ծանոթանալ տեղի բնակչության ինքնատիպ մշակույթին ու հավատքին:

Ինչ արժեն  11-րդ դարում Ներսես Շնորհալու կողմից գրված ու հավաքված շարականները միայն, որոնք հիրավի համարվում են հայկական միջնադարյան պոեզիայի գոհարներ: Բացի քրիստոնեական սրբավայրերից Ղարաբաղում հոգատարությամբ պահպանվում են մահմեդական ( պարսկական և սելջուկյան) մշակույթի փոքրաթիվ հուշարձանները՝ մզկիթները, դամբարանները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն մահմեդական ուխտագնացների, այլ նաև ուրիշ կրոնների հետևորդ զբոսաշրջիկների համար: