• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Շահումյանի շրջան (Բռնազավթված տարածք)

Շահումյանի շրջանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսում։ Հարավում այն Մռավ լեռան լեռնաշղթայով բաժանված է Մարտակերտի շրջանից, արևմուտքում և հյուսիս- արևմտյան մասում տեղակայված են Փոքր Կովկասի լեռնային համակարգի մաս կազմող Ղարաբաղյան լեռնաշղթայի լեռնաճյուղերը, արևելքում և հյուսիս-արևելքում նախալեռնային շրջանները սահուն կերպով փոխվում են հարթավայրի, ցածրադիր գոտու, որտեղ գտնվում է շրջանի մի մասը։ Շրջանը զբաղեցնում է 600 քառ. կմ տարածք։ 1992թ. հունիսին ադրբեջանական բանակի կողմից շրջանի բռնազավթման պահին այն ուներ 18 բնակավայր և մոտ 25 000 բնակչություն։ Շրջանի տարածքում են գտնվում Լեռնային Ղարաբաղի ամենահինավուրց քրիստոնեական հուշարձաններից՝ Գլխավանքը, Օրեկավանքը։ Քերթողահայր Սուրբ Մեսրոպ Մաշտոցն այստեղ՝ Արցախում բացել է առաջին դպրոցներից մեկը, ի հիշատակ որի Վերինշեն գյուղի մոտ պահպանվել է Գիր Խաչ սրբավայրը։ Մինչև բռնազավթումը շրջանի տարածքում պահպանվել էին բազմաթիվ միջնադարյան խաչքարեր, կամուրջներ, եկեղեցական և քաղաքացիական ճարտարապետության այլ հուշարձաններ։

 

 

 

 

 

 


Գետաշեն գյուղը

Վաղ միջնադարից հայտնի է պատմական հարուստ անցյալ ունեցող Գետաշեն գյուղը։ Գետաշենում և նրա շրջակայքում հայտնաբերված բազմաթիվ եկեղեցիները, գյուղատեղիները, հարյուրավոր խաչքարերով միջնադարյան գերեզմանոցները, քաղաքացիական ճարտարապետության հուշարձանները կազմում են նրա բնակիչների՝ մեր օրերը հասած հարուստ հոգևոր ժառանգությունը։ Մինչև գյուղի բնիկ բնակչության բռնի տեղահանումը և գյուղի բռնազավթումը, այստեղ պահպանվել էին XVIII-XIX դարերում կառուցված տասնյակ հիասքանչ գյուղական տներ։ Փայտյա զարդաքանդակներով պատշգամբները անկրկնելի հմայք են տալիս Հյուսիսային Արցախի բնակիչների ժողովրդական ստեղծագործության այդ նմուշներին։

 

 

 

 

 

 

Գյուլիստան ամրոցը

Գյուլիստանի ամրոցը հանդիսանում է Արցախի վերջին 10 դարերի ամենակարևոր պաշտպանական կառույցը։ Գտնվելով Մռավ լեռան հարավային վերջավորության անառիկ ժայռե հրվանդանի վրա` այն հանդիսանում էր Արցախի հինգ գավառների (մելիքությունների) հիմնական միջնաբերդը։ Գյուլիստանի ամրոցը հայտնի է որպես մի վայր, որտեղ 1813 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է այսպես կոչված Գյուլիստանի Հաշտության Պայմանագիրը, համաձայն որի Ղարաբաղը Ռուսական Կայսրության մաս դարձավ։ 1992 թվականից հետո, երբ Շահումյանի շրջանը բռնազավթվեց Ադրբեջանի կողմից, ամրոցը հայտնվել է չեզոք գոտում ու վերահսկվում է ադրբեջանական զինուժի կողմից , ինչը ամրոցն անհասանելի է դարձնում զբոսաշրջիկների համար։