• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

ԳՆՈՒՄՆԵՐ

Դուք ճիշտ եք վարվել, եթե Ղարաբաղ այցի ընթացքում ժամանակ եք նախատեսել նաև գնումներ կատարելու համար: Դուք ամեն ինչ կգտնեք Ստեփանակերտի և շրջկենտրոնների ժամանակակից խանութներում: Ժամանակակից էլեկտրոնիկայի, հագուստի, տնտեսական ապրանքների, ընդհանուր տեխնիկայի նորույթների, համակարգչային և բջջային կապի տեխնիկայի մեծ տեսականի կարող եք գտնել այստեղ` բավական մատչելի գներով: Շատ ու բազմազան են նաև ժողովրդական ոճով կերամիկական ապրանքները և ձեռքի աշխատանքները: Մասնագիտացված խանութներում կարող եք գտնել շքեղ զարդեր` պատրաստված ըստ ավանդական հայկական տեխնիկայի: Մայրաքաղաքի սուպերմարկետներում կարելի է գնել ինչպես տեղական, այնպես էլ եվրոպական արտադրության սննդամթերք: Խանութները հիմնականում տեղակայված են քաղաքի կենտրոնական մասում, հիմնականում` Ազատամարտիկների փողոցի վրա և հարակից փողոցներում: Այստեղ նաև կան նորաձևության խանութներ, որտեղ կարելի է գնել հագուստ հենց նորաձևության մատակարարներից:

Ամառային ամիսներին առավել մեծ խանութները աշխատում են ժամը 10:00-ից մինչև 21:00-ն` առանց հանգստայն օրերի: Փոքր մթերային խանութներն ու առևտրի կետերը աշխատում են մինչև ուշ երեկո, իսկ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներում` շուրջօրյա:

Հուշանվերներ 

Ստեփանակերտի կենտրոնում տեղակայված հուշանվերների խանութները առաջարկում են ձեռագործ ապրանքներ` փայտե, արծաթե նաև կերամիկական, ինչպես նաև ձեռագործ զարդեր, ամեն տեսակ մանր զարդարանքներ Լեռնային Ղարաբաղի խորհրդանշաններով: Ամենատարածվածը «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի` հին ղարաբաղյան ավանդական հագուստով պապի ու տատի մոնումենտալ քանդակի պատկերով հուշանվերներն ու եզակի գործերն են: Ղարաբաղցիների համար այս հուշարձանը ավելին է, քան պարզապես քանդակ, այն ղարաբաղցու ամբողջ էությունն է, ով հարգում է իր ավանդույթները, ձգտում է պահել դրանք ու պատմել դրանց մասին բոլորին: Բավական տարածված է Նռան պտուղ ավանդական հուշանվերը` պատրաստված ամենատարբեր նյութերից, որը խորհրդանշում է ընտանիքի բարգավաճում և առատություն: Բնական քարից, փայտից պատրաստված թալիսմաններն այնքան տարածված են տեղացիների շրջանում, որքան այլ ժողովուրդների և ազգերի մոտ: Մի տեսարժան բուտիկ-խանութ կա նաև Ազգային ճարտարապետության, ազգագրության և գյուղական կյանքի թանգարանի տարածքում (Նիկոլ Դուման տուն - թանգարան), Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում: Այստեղ կարելի է ձեռք բերել ոչ միայն ավանդական հուշանվերներ, այլև կիրառական արվեստի բացառիկ գործեր, ավանդական համեմունքներ և խոտեր` հավաքված լեռների ալպյան մարգագետիններից, համեմունքներ և մարինադներ և այլն:

Արևելյան շուկա

Գունագեղ արևելյան շուկան, բնականաբար, գտնվում է քաղաքի կենտրոնում, Սասունցի Դավիթ փողոցում: Շուկայի մի մասը աչք է շոյում տեղական հյութալի մրգերի, բանջարեղենի, կանաչիների հարուստ գույներով և ձգում է, որ մոտենաս ու առևտուր անես: Այստեղ կան նաև չրերի շատ տեսակներ` պատրաստված հայկական ավանդական եղանակով: Ի դեպ, հոնի չիր պատրաստվում է միայն Ղարաբաղում: Շուկայի մյուս մասն ավելի գորշ է և իրենից ներկայացնում է հագուստի շուկա: Այստեղ կարելի է գնել ապրանքներ ավելի ցածր գներով` ի տարբերություն բուտիկների և նորաձևության խանութների: Շուկան բաց է վաղ առավոտից մինչև ուշ երեկո: