• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Պետական կառուցվածքը

Պաշտոնական անվանումը` Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն):

Մայրաքաղաքը՝ Ստեփանակերտ՝ մոտ 55 000 բնակչությամբ:

Բնակչությունը՝ 141,4 հազ. մարդ՝ 98% հայեր, 40% քաղաքային բնակչություն (2010թ.):

Տարածքը՝ 11,3 հազ. քառակուսի կիլոմետր (ԱՀ Սահմանադրության և 1994թ մայիսի 12–ին Ադրբեջանի Հանրապետության հետ կնքված կրակի դադարեցման համաձայնագրի համաձայն): Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը ներկայումս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Վարչական բաժանումը: Արցախի Հանրապետությունը բաժանված է 8 վարչական շրջանների՝ Քաշաթաղ, Մարտակերտ, Շահումյան, Ասկերան, Մարտունի, Հադրութ, Շուշի և քաղաք Ստեփանակերտ:

Պետական իշխանության և կառավարման մարմիններ: Համաձայն 2017 թվականին ընդունված ԱՀ Սահմանադրության, պետության գլխում կանգնած է Նախագահը: ԱՀ Նախագահը ընտրվում է ժողովրդի կողմից՝ ուղղակի ընտրությունների միջոցով, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում: Համաձայն գործող օրենսդրության, ԱՀ Նախագահը հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավար և զինված ուժերի գերագույն հրամանատար: Նա նշանակում է վարչապետին և հաստատում է կառավարության կազմը: ԱՀ–ում իշխանության նախագահական ձևը առաջադրվել է 2017 փետրվարին:

ԱՀ ներկայացուցչական և օրենսդիր իշխանության բարձրագույն մարմինը Ազգային Ժողովն է: Ազգային ժողովի կողմից ընդունված բոլոր օրենքները հաստատվում են Նախագահի կողմից: Ազգային Ժողովը միապալատ ներկայացուցչական մարմին է: ԱՀ Ազգային ժողովը իր գործունեությունը իրականացնում է հիմնական և ժամանակավոր հանձնաժողովների նիստերի, ինչպես նաև պատգամավորների իրականացրած գործունեության միջոցով: Խորհրդարանի անդամները ընտրվում են 5 տարի ժամկետով: Ազգային Ժողովի նախագահը ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ:

ԱՀ գործադիր իշխանության մարմին է հանդիսանում Կառավարությունը, որի գլխում կանգնած է վարչապետը: Կառավարությունը բաղկացած է 11 նախարարություններից՝ առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, կրթության, գիտության և սպորտի նախարարություն, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, պաշտպանության նախարարություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, քաղաքաշինության նախարարություն,  էկոնոմիկայի նախարարություն:

Կառավարությանն առընթեր գործունեություն են ծավալում պետական կառավարման 4 մարմիններ՝ ազգային անվտանգության ծառայություն,շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն, ոստիկանություն,  փրկարար ծառայություն:

Դատավարության համակարգը: ԱՀ –ում գործում է եռաստիճան դատական համակարգ՝   ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան և գերագույն ատյանի դատարան, որը կատարում է նաև սահմանադրական դատարանի գործունեություն:

Պետական խորհրդանիշեր

ԱՀ պետական դրոշն իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև կտոր` հորիզոնական և հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Դրոշի լայնության հարաբերակցությունը նրա երկարությանը կազմում է 1:2:

 

 

 

 

 

ԱՀ պետական զինանշանն իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որի գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները, իսկ գլխին տեղադրված է Արտաշեսյանների հարստության թագը: Կենտրոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշի և Մեծ Քիրս լեռան ֆոնի վրա «Տատիկ և Պապիկ» քանդակի պատկերն է: Ներքևի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր: Վերևի կիսաշրջանում արված է հայերեն մակագրություն` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»: