• Facebook
  • Twitter
  • Youtube
  • VKonkatke
  • Instagram
  • Odnoklassniki

Ստեփանակերտ

Ստեփանակերտը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) մայրաքաղաքն է: Այն ունի 55 հազ. բնակչություն, այսինքն եվրոպական չափորոշիչներով բավականին մեծ է: Եթե դուք գալիս եք Ստեփանակերտ Հայաստանը Արցախին միացնող մայրուղով, ապա հաճելիորեն կզարմանաք այն հանգամանքին, որ երկար և անվերջ թվացող լեռնային ոլորուն ճանապարհը կտրուկ գալարվելով հանկարծ վերջանում է լեռների միջից հայտնված ծաղկուն ժամանակակից քաղաքով, որում ապրում են սիրալիր և հյուրասեր բնակիչները: Ստեփանակերտը ունի հինավուրց պատմություն: Այդ վայրում առաջին բնակավայրերը հայտնվել են մ.թ.ա. 3-2րդ  հազարամյակում: XIX դարում Էմիլ Ռոսլերի կողմից իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվեցին այդ ժամանակների բազմաթիվ մեծ արժեք ներկայացնող գտածոներ, որոնց մի մասը պահվում է աշխարհի ամենախոշոր թանգարաններում: Այդ դարի կեսերին Արցախի ներկայիս մայրաքաղաքի տեղը եղել է Վարարակն գյուղը, որը այդպես էր անվանվել գյուղով հոսող աղբյուրի անվամբ: Այդ գյուղից հրաշքով մեզ է հասել միայն մի իջևանատուն: Քաղաքի պատմությունը սկսվում է XVIII դարից՝ Հարավային Կովկասը Ռուսաստանին միացնելուց հետո: 1847թվականին, Կովկասյան հեծելազոր դիվիզիայի զորանոցների և շտաբի տեղակայումից հետո բնակավայրը ոչ պաշտոնապես կոչվել է «Շտաբ»: XIX դարի վերջում այդտեղ արդեն հիմնվել էր խառը՝ հայ-ռուսական բնակչությամբ ոչ մեծ քաղաք: Այն ուներ դպրոցներ, հայկական և ռուսական ուղղափառ եկեղեցիներ, հանրային շինություններ և հյուրանոցներ: ԽՍՀՄ ձևավորումից հետո բնակավայրը Արցախում դարձավ ամենամեծը և  Բաքվի կոմունայի լեգենդարի ղեկավար Ստեփան Շահումյանի պատվին կոչվեց Ստեփանակերտ: Տաղանդավոր հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից մշակվեց քաղաքի վերակառուցման նախագիծը, որը իրականացվեց մի շարք այլ ճարտարապետների մասնակցությամբ ևս: Խորհրդային ժամանակշրջանում Ստեփանակերտը եղել է տիպիկ շրջկենտրոն, որտեղ գործում էին մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, մանկավարժական ինստիտուտ, գյուղատնտեսական տեխնիկական դպրոց, երաժշտական և բժշկական ուսումնարաններ, պատմա-երկրագիտական թանգարան, դրամատիկական թատրոն:

1960–ականներին քաղաքի կենտրոնում կառուցվել է համալիր, որը իր մեջ ներառում է Լենինի անվան հրապարակը (ներկայումս՝ Վերածննդի), Կոմկուսի շրջկոմի շենքը (ներկայումս՝ ԱՀ Կառավարություն): Հենց այս տեղում 1988 թվականին տեղի էին ունենում անընդմեջ հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին Հայաստանին միացնել Լեռնային Ղարաբաղը: Պատերազմի տարիներին Ստեփանակերտը բազմիցս հրետանակոծվել և ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից, և մի շարք շինություններ ավերվել են: Ներկայումս Ստեփանակերտում պատերազմի թախծալից հետքերից համարյա ոչինչ չի մնացել, քաղաքը ամբողջությամբ վերականգնվել է և դարձել ավելի գեղեցիկ: Ունենալով հինավուրց պատմություն՝ Ստեփանակերտը հիմա կառուցապատված է ժամանակակից և նոր շինություններով:

Քաղաքում պահպանվել են նաև ոչ շատ  հին կառույցներ, որոնք հին հայկական կացարանների վառ օրինակներ են: Շրջելով հին քաղաքի հանգիստ փողոցներով, որում շատ տներ վերածված են խանութների, որտեղ վաճառվում են ամեն տեսակ բաներ, տուրիստները ակամայից կզգան XIX դարի վերջերի կամ XX դարի սկզբների անդրկովկասյան քաղաքի երանգը:

 

 

Չնայած քաղաքի չափերը այդքան էլ մեծ չեն, սակայն այստեղ կան բազմաթիվ գեղատեսիլ վայրեր, կանաչապատ զբոսայգիներ և հարմարավետ բակեր: Ստեփանակերտի սիրտը համարվում է Վերածննդի հրապարակը, որտեղ գտնվում են Նախագահական նստավայրը, Ազգային ժողովի և Կառավարության շենքերը, Երիտասարդական պալատը: Հրապարակը սահուն կերպով անցնում է Սիրահարների ծառուղիներով, որը զարդարված է հարսի ու փեսայի կերպարանքներով լուսամփոփներով և աստիճաններով տանում է դեպի մարզադահլիճ: Հրապարակը վերջանում  է շատրվաններով և նստարաններով, կանաչապատ պուրակով, որը իր կլորության շնորհիվ բնիկների կողմից ստացել է «Պյատաչոկ» գրավիչ անվանումը: Հենց «Պյատաչոկում» են, որպես կանոն, տեղի ունենում սիրահար զույգերի առաջին հանդիպումները: Այստեղ տեղի են ունենում նաև համերգներ և թատերականացված ներկայացումներ: ԱՀ մայրաքաղաքի հյուրերը կարող են  հաճախել նաև մի շարք ամառային և ձմեռային սրճարաններ, կառուսելներով զբոսայգին, որոնք աշխատում են միայն տաք եղանակներին: Քաղաքի կենտրոնում է գտնվում նաև Արցախի պատմա-երկրաբանական թանգարանը, որում գտնվում են հնագույն եզակի նմուշներ, Զոհված ազատամարտիկների թանգարանը, Անհայտ կորած մարտիկների թանգարանը, դրամատիկական թատրոնը, որի տեղում ժամանակին եղել է եկեղեցի, Արցախի պետական համալսարանը, բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ: Ստեփանակերտի գլխավոր՝ Ազատամարտիների փողոցում, տեղակայված են ժամանակակից բնակելի տներ, առևտրի կենտրոններ, հագուստի և հուշանվերների խանութներ, որոնցում դուք կարող եք հիշարժան գնումներ կատարել: ԱՀ մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկը կենտրոնական քաղաքային շուկան է, որը իրենից ներկայացնում է արդյունաբերական ապրանքների և գյուղատնտեսական մթերքների յուրահատուկ տոնավաճառ: Հյուրը իրեն կզգա ինչպես իսկական արևելյան շուկայում՝ աղմկալից և գույնզգույն: Քաղաքի հիշարժան վայրերից մեկը Զոհված մարտիկների հուշահամալիրն է, որը արցախցիները անվանում են «Եղբայրական գերեզմանատուն»: Այստեղ առաջին գերեզմանաքարերը հայտնվել են դեռ երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում, սակայն Ստեփանակերտի բնակիչների մոտ հուշահամալիրը զուգորդվում է Արցախյան պատերազմում անկախության համար մղված պայքարում զոհվածների՝ ազատամարտիկների հետ: Այստեղ են ամփոփված նաև ողբերգական մահով հեռացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ղեկավարի՝ Արթուր Մկրտչյանի աճյունը, ինչպես նաև սումգայիթյան ողբերգության (1988 թվականի) զոհերի հուշաքարը և Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված քանդակների կոմպոզիցիան: Տուրիստների ուխտագնացության մյուս տեղը դարձել է արցախյան գոյապայքարի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան պուրակը, որի մոտակայքում տեղակայված է տուրիստական կենտրոնը:

 

Ստեփանակերտի, ինչպես նաև ամբողջ Արցախի խորհրդանիշը հանդիսանում է «Մենք ենք, մեր սարերը» (Ղարաբաղցիներ) տուֆակերտ կոթողը, որը գտնվում է քաղաքի մուտքում, բարձր բլրի վրա: Կոթողը տեղացիների կողմից ստացել է Տատիկ – Պապիկ անվանումը: Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի ստեղծագործությունը խորհրդանշում է կյանքի և ընտանեկան արժեքների պահպանման նկատմամբ ղարաբաղցիների անկոտրուն կամքը: Թվում է, թե ազգային տարազ հագած տատը և պապը կառչած են բլրի գագաթին, ինչը խորհրդանշում է ղարաբաղցիների կապվածությունը հայրենի հողին: Այլ կերպ, այս կոթողը անվանում են նաև «Երկարակյացների հուշարձան»: Քաղաքով զբոսնելու ընթացքում տուրիստնեը ևս մեկ անգամ կարող են համոզվել, թե ինչքան են տեղացիները հյուրասեր և շփվող: Բացի մայրենի լեզվից, բոլորը ազատ տիրապետում են ռուսերենին, իսկ երիտասարդները՝ անգլերենին:

Վիրտուալ տուր հուշարձանի մոտ

Զբոսանքի ժամանակ հարկ է այցելել նաև քարե «Մազի» կամուրջը, որը կառուցվել է XVII դարում, ինչպես նաև վերջերս կառուցված Սրբ. Աստվածածին եկեղեցին: 

Վիրտուալ տուր Ստեփանակերտում